Ադրբեջանը շարունակում է պատմական փաստերի ժխտմանն ուղղել ահռելի միջոցներ.Քրիստինե Ստեփանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News      

/

«ՄԱԿ Հաագայի միջազգային մոդել» հիմնադրամի կողմից ամենամյա համաժողովի շրջանակում, որի բացումը կատարվել է հունվարի 27-ին, պատմական հարցերով ենթամոդելավորման ընթացքում կայացել է «Իրավիճակը Սովետական Ադրբեջանում (12/13 հունվար, 1990թ․)» զեկույցի քննարկումը։

Զեկույցի քննարկումից հետո ելույթով հանդես է եկել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության դիվանագետ Քրիստինե Ստեփանյանը։ Իր ելույթում անդրադարձ կատարելով 1990թ․ Բաքվի ջարդերին՝ Քրիստինե Ստեփանյանը նշել է, որ, ցավոք, մինչ օրս ադրբեջանական իշխանությունները շարունակում են պատմական փաստերի ժխտմանն ուղղել ահռելի միջոցներ և ջանքեր։ Նա հավելել է, որ Սովետական Ադրբեջանի տարածքում հայկական բնակչության կոտորածների համար անպատժելիությունն իր պտուղներն է տալիս մեր օրերում․ ադրբեջանական իշխանությունները ոչ միայն հրաժարվում են պատասխանատվություն ստանձնել մարդկության դեմ այս հանցագործությունների համար, այլև փորձում են զոհերին մեղադրել իրենց իսկ նկատմամբ կիրառված բռնությունների և կոտորածի համար։

Հարցի առնչությամբ ելույթից և լուսանկարային ապացույցների ու փաստավավերագրական ֆիլմերի ներկայացումից հետո ՀՀ դեսպանության դիվանագետը պատասխանել է ենթամոդելավորման մասնակիցների բազմաթիվ հարցերի։