Զինվորի ծառայությանը մնացել էր 6 ամիս. ինչպե՞ս է դեպքը տեղի ունեցել. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News      

.

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունվարի 28-ին` ժամը 2:55-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Նվեր Ավետիսյանը: Վերջինս անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ զինվորին մնացել էր 6 ամիս, որպեսզի նա ծառայությունը ավարտեր և վերադառնար տուն: Զորամասում տարածված լուրերի համաձայն՝ զինվորը, իբր, իրեն կրակել է պայմանագրային զինառայողի զենքով, նաև վարկած է քննվում, որ նա զենքի հետ անզգույշ է վարվել, ինչի հետևանքով էլ կրակել է իրեն: Սակայն նկատենք, որ զինվորի հարազատները պնդում են, որ նա այն մարդը չէր՝ իրեն կրակեր, և գործում կան հանգամանքներ, որ մութ են պահվում:

Արդյոք իրավապահները բան են թաքցնում կամ փորձում են կատարվածի մասով կոնկրետ մարդկանց փրկել, ջրից չոր դուրս հանել՝ ցույց կտա քննությունը։ Իսկ մենք կհետևենք քննության ընթացքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: