«Մեզ կարող են վաճառել»․ Սամվել Բաբայանն Արցախի հիմնախնդիրը լուծելու առաջարկ ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

սամվել

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ առաջարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանգուցալուծում: Հայտարարությունը՝ ստորև․

«Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նախկին իշխանություններից ստացած ժառանգության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության շուրջ: Վերջապես պետության ղեկավարի՝ Հայաստանի անունից գլխավոր բանակցողի շուրթերից հնչեց որ բանակցությունների հիմքում ընկած է ազատագրված տարածքների հանձնումը եւ որ նախորդ երեք նախագահները բանակցություններ են վարել հենց այս համատեքստում (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Կապանում, 25.01.2020 թ.)։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եթե Հայաստանում հեղափոխություն չլիներ, հանձնած կլինեին ոչ միայն բուֆերային գոտիները, այլեւ Արցախը: Շնորհիվ թավշյա հեղափոխության եւ Նիկոլ Փաշինյանի` խափանվեցին մադրիդյան սկզբունքների հիման վրա Սերժ Սարգսյանի վարած բանակցությունները եւ ընդհատվեց հողերի հանձնման գործընթացը:

Բանակցային գործընթացն, այնուամենայնիվ, վերականգնվեց կրկին մադրիդյան սկզբունքների շրջանակներում, որի մասին ՀՀ վարչապետը հնչեցրել էր Ստեփանակերտում կայացած ԱՀ եւ ՀՀ համատեղ Անվտանգության խորհրդի նիստում: Այսինքն՝ հայկական կողմից այսօր պահանջվում է նույնը, ինչ Սերժի օրոք: Այն է` հրաժարում ազատագրված տարածքներից (7 շրջան` Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան, Կուբաթլու, Քելբաջար եւ Լաչին) եւ ադրբեջանցի փախստականների վերադարձ:

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փակուղում: Եթե նա բանակցային գործընթացը շարունակի ժառանգություն ստացած կետից, ստիպված կլինի ստորագրել հողերը հանձնելու պայմանի տակ: Մյուս կողմից` եթե հրաժարվի բանակցային գործընթացից, կնշանակի հրաժարվում է հողերը հանձնելու մասին Ադրբեջանի հետ ունեցած նախորդ իշխանությունների պայմանավորվածությունից, ինչն էլ կհանգեցնի պատերազմի: Թե´ առաջին, թե´ երկրորդ սցենարը անընդունելի է համայն հայության եւ հատկապես արցախցիների համար:

Այնինչ Արցախի ներկայիս իշխանությունների հետ Անվտանգության խորհրդի նիստերի միակ արդյունքը դարձավ մադրիդյան փաստաթղթի տարընթերցումների տեղիք տվող ձեւակերպումների հստակեցման ՀՀ վարչապետի առաջարկը: Այլ սկզբունքների եւ կետերի հետ կողմերը, որքան էլ տարօրինակ է, համաձայնել են (ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի խոսքը Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, 12.03.2019թ.)

Թե ինչպես կարելի է համաձայնել մադրիդյան սկզբունքների հետ, որոնց հիմքում հողերի հանձնումն է, ապա հայտարարել, որ անընդունելի է նույնիսկ մի թիզ հող զիջելը, հավանաբար արժե հարցնել հենց հայտարարողներից՝ Արցախի նախագահի թեկնածուներից: Իսկ ՀՀ վարչապետին շնչակտուր տված պատասխանների ֆլեշմոբը տպագրող լրագրողներին խորհուրդ կտայի հրապարակումներից առաջ ճշտել, թե ինչ պաշտոն է զբազեցրել այդ «հայրենասերներից» յուրաքանչյուրը նախորդ իշխանությունների կողմից ակտիվ բանակցությունների շրջանում: Եթե դուք, հարգելի´ լրագրողներ, անեիք դա, ապա կտեսնեիք, որ Արցախի նախագահի ներկայիս թեկնածուները 2016-ի ամռանը` այս հանցավոր բանակցությունների ամենաթեժ շրջանում նույն հանցավոր իշխանական վերնախավում էին, ընդ որում`առաջին շարքերում:

Եթե դուք իսկապես արմատական դիրքորոշում ունեք հողերի հանձնման հարցի վերաբերյալ, ապա ինչու՞ ձեզանից եւ ոչ մեկը մինչեւ իշխանափոխությունը չի արտահայտվել զիջումների, դավադիր բանակցությունների եւ մադրիդյան սկզբունքների դեմ: Ինչու՞ դուք էլ ինձ պես չեք պայքարել, բանտ նստել: Ինչու՞ հացադուլ չեք հայտարարել: Ինչու՞ ապրիլյան դեպքերի կանխատեսումով բաց նամակներ չեք գրել , հարցազրույցներ չեք տվել չեք ահազանգել հասարակությանը եւ բացահայտել իրավիճակի լրջությունը: (Սամվել Բաբայանի նամակը Սերժ Սարգսյանին (2013 թվական), https://www.7or.am/am/news/view/103930/), (Բացառիկ հարցազրույց Սամվել Բաբայանի հետ, Ազատություն ռադիոկայան, 17.06.2016թ.)

Եվ դու՞ք եք այսօր հայտարարում, որ ստանձնում եք Արցախի ապագայի պատասխանատվությունը: Պարոնա´յք թեկնածուներ, նախ պատասխան տվեք նախկինում ձեզ վստահված պատասխանատվության համար:

Ես ձեզ հետ խոսում եմ առանց վարձու ԶԼՄ-ների և ֆեյքերի բանակի: Ես, ի տարբերություն ձեզ, հարցեր եմ տալիս առանց այլոց թիկունքում թաքնվելու: Պատասխանեք ազնվորե´ն: Ինչու՞ եք լռել, երբ ձեր աչքի առջեւ եւ ձեր լուռ համաձայնությամբ վճռվում էր իմ ժողովրդի եւ իմ զինվորի արյան գնով ազատագրված հողերի հարցը:

Ինչու՞ եք լռել, երբ նախկին իշխանությունները սկուտեղի վրա Արցախը մատուցում էին Ադրբեջանին 5 միլիարդ դոլարի դիմաց: Համոզված եմ, որ ՀՀ նոր իշխանությունը շուտով բարձրաձայնելու է կուլիսային բանակցությունների այդ եւ այլ մանրամասներ:

Այսօր մենք պակաս ծանր կացության մեջ չենք, քան 1992 թվականին, երբ Ադրբեջանը զավթել էր Ղարաբաղի գրեթե կեսը եւ պատրաստվում էր գրավել Ստեփանակերտը: Եթե այն ժամանակ դա տեղի էր ունենում ռազմական գործողություններով, ապա այժմ պարզապես գրչի մի հարվածով:

Այն, որ Ադրբեջանն է այսօր թելադրում բանակցային պայմաններ, Հայաստանի նախկին, ինչպես նաեւ Արցախի նախկին ու ներկա իշխանությունների մեղքն է: Այն, որ հայկական կողմը ստիպված է խաղաղություն կորզել հողերի դիմաց, հետեւանքն է նրա´նց անգործության, ովքեր այսօր փորձում են ամեն գնով պահել իշխանությունը, նրա´նց, ովքեր հզոր տնտեսություն եւ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու փոխարեն, զբաղվել են հարստություն դիզելով:

Ժամանակն է վերջապես հասկանալ, որ Ադրբեջանը կհրաժարվի հողերը վերադարձնելու մտքից միայն այն դեպքում, երբ համոզված կլինի, որ չի հաղթի պատերազմում, երբ մեր բանակի հզորությունը անառարկելի իրողություն կլինի: Միայն հզոր պետությամբ՝ սոցիալապես ապահով բնակչությամբ եւ մարտունակ բանակով կկարողանանք ստիպել հաշվի նստել մեր շահերի հետ եւ բանակցել հավասարը հավասարի պես:

Որպեսզի չխոչընդոտեմ հողերի հանձնման ծրագիրը, նախկին իշխանությունները ավելի քան 20 տարի փորձում էին հեռացնել ինձ քաղաքական դաշտից: Սակայն այսօր ես Արցախում եմ՝ իմ ժողովրդի կողքին: Եվ եթե դատարանը արդար վճիռ չկայացնի՝ չվերականգնվեն նախագահի թեկնածու առաջադրվելու իմ իրավունքները, մենք կառաջադրենք մեր թեկնածուին:

Այդ դեպքում «Միասնական հայրենիք» կուսակցության փետրվարի 9-ի արտահերթ համագումարում կհայտարարվի նախագահի նոր թեկնածուի մասին, ով կիրականացնի մեր կուսակցական ծրագիրը՝ Արցախի սահմանների անվտանգութայն ապահովում, հարենադարձության արդյունավետ մեխանիզմների ներդնում, կարճ ժամանակում Արցախի ռազմական եւ տնտեսական հզորության վերականգնում: Եթե այսօր մենք չհամախմբվենք այս նպատակների շուրջ, համարեք, որ կորցրել ենք Արցախը:

Հարգելի´ հայրենակիցներ, իմ սիրելի´ արցախցիներ, կոչ եմ անում սթափ տրամաբանությամբ նայել իրականության աչքերին եւ գիտակցաբար մոտենալ այս ճակատագրական իրադարձություններին: Դուք ընտրություն եք կատարում ոչ թե բարեկեցության տարբեր մոդելների, այլ Արցախի լինել-չլինելու, այս հողի վրա մեր երեխաների ապրել-չապրելու միջև:

Մեր հայրենիքում ապրելու իրավունքը մենք նվաճել ենք արյամբ: Իսկ այսօր մեզ՝ այս հողի վրա ապրողներին և այս հողի համար նահատակվածներին, կարող են վաճառել:

Հողերի հանձնման կամ պատերազմի վտանգն ավելին, քան երբեւէ արդիական է:

Ուստի, կոչ եմ անում ամենայն պատասխանատվությամբ մոտենալ սեփական ընտրությանը: Սխալն ուղղելու հնարավորություն այլեւս չի´ լինի: Այն տրված է միա´յն հիմա՝ քանի դեռ մենք կարող ենք մեր ճակատագրի կերտողները լինել: