Վանեսա Բրայանտն ամուսնու և աղջկա զոհվելուց հետո գրառում է արել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News     

Բրայանթ

«Լոս Անջելես Լեյքերս» բասկետբոլային ակումբի մարզիկ Քոբի Բրայանտի կինը՝ Վանեսան, ամուսնու և 13-ամյա դստեր ողբերգական մահվանից հետո ինստագրամյան իր էջում առաջին գրառումն է արել։

Վանեսան ընտանեկան լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․

«Պաշտելի ամուսինս՝ Քոբին, հրաշալի հայր էր մեր երեխաների համար, իսկ իմ գեղեցկուհի, քաղցրիկ Ջիանան սիրող, ողջամիտ, հրաշալի դուստր էր և շատ լավ քույր։ Բառերը բավարար չեն մեր ապրած ցավը պատմելու համար։ Ինձ հանգստացնում է այն միտքը, որ Քոբին և Ջիջին միշտ էլ իմացել են՝ որքան շատ ենք իրենց սիրում: Մենք օրհնված ենք եղել մեր կյանքում այդպիսի մարդիկ ունենալու համար»,- գրել է նա։

Վանեսան նշել է, որ ընտանիքը կփորձի առաջ գնալ՝ որ Քոբին և Ջիջին վերևից լուսավորելու են իրենց ճանապարհը։
 
Վանեսան նաև ցավակցել է ավիավթարի հետևանքով 7 զոհերի ընտանիքներին։

Վանեսա

Հունվարի 26-ին Կալիֆորնիայում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ 41-ամյա Քոբի Բրայանտը։ Մարզիկի հետ ուղղաթիռում են եղել 13-ամյա դուստրն ու ևս 7 մարդ: Օդաչուն Արա Զոբայանն էր, ով Բրայանտի հիմնական օդաչուն էր։