Արփինե Հովհաննիսյանի մղումը գնահատում ենք․չենք ուզում ցույց տալ՝ օգնությունը պետք է, թե չէ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում  չընդգրկելը քաղաքական որոշում է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Այո, սա քաղաքական որոշում է, ի՞նչ կա այդտեղ զարմանալու։ Քաղաքական որոշում է կայացվել՝ մեզ պետք են իրավաբան գիտնականներ», - ասել է Բադասյանը։

Բադասյանն ասել է, թե նախընտրությունը տրվել է իրավաբան գիտնականներին և ՀԿ ներկայացուցիչներին, թեկնածուներ ընտրելիս  հաշվի չեն առնվել նրանց ընդդիմադիր կամ իշխանամետ լինելը։

«Այնտեղ պետք է իրավաբան գիտնականներ և ՀԿ ներկայացուցիչներ լինեին: Գնահատում ենք Արփինե Հովհաննիսյանի անկեղծ մղումները, բայց չենք ուզում այս քայլով ցույց տալ, թե իր օգնության կարիքն ունենք կամ չունենք», - ասել է նա:

ԱՆ ղեկավարն ասել է, որ կասկածի տակ չի դնում Հովհաննիսյանի մասնագիտական գիտելիքները, բայց հանձնաժողովում ընդգրկված անձինք չունեն քաղաքական պատկանելիություն:

Ըստ Բադասյանի՝ հանգամանքը՝ Արփինե Հովհաննիսյանի հայտում նշված է եղել, որ նա նախորդ սահմանադրական փոփոխությունների աշխատանքներին է մասնակցել, դրական գնահատական չի կարող ունենալ։

Հարցին, թե արդյոք Հովհաննիսյանին հանձնաժողովի աշխատանքներում չներառելը պայմանավորված է միայն այդ հանգամանքով,  և ով մասնակցել է 2015 թվականին սահմանադրական փոփոխությունների աշխատանքներին, չի կարող ընդգրկվել ներկայում կազմավորվող հանձնաժողովի աշխատանքներում, նախարարը պատասխանել է․

«Ոչ թե ով 2015-ին մասնակցել է աշխատանքներին չի կարող հիմա մասնակցել, այլ այդ հանգամանքը այս փուլի ընտրությունների համար դրական չէր կարող համարվել»։