ՎԶԵԲ-ը ՀՀ-ում մոտ 120 մլն եվրոյի ներդրում է արել․ սա 2-րդ ամենաբարձր ցուցանիշն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News

1

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 2019-ին կատարել է Հայաստանում իր գործունեության ընթացքում երկրորդ խոշոր չափի ներդրումը` 118 մլն եվրո: Ներդրումների մեծ մասը կատարվել է մասնավոր հատվածում,  հրավիրված ասուլիսում հայտնեց  ՎԶԵԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:

«Արդեն մոտ 30 տարի հաջողված գործունեություն ենք իրականացնում Հայաստանում, այդ ընթացքում մոտ 280 գործառնություն ենք ծավալել Հայաստանում: Հայաստանում դարձել ենք խոշորագույն ներդրող, ընդհանուր ներդրումները կազմում են 1.4 մլրդ եվրո: Հայաստանում մեր ընդհանուր պորտֆելը 365 մլն եվրո է:Հուսով եմ և վստահ եմ, որ մեր պորտֆելը կաճի: 2019-ը եղել է ամենահաջողակ տարիներից մեկը բիզնեսի ծավալի առումով, սա երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է. մոտ 120 մլն եվրոյի չափով ներդրում է արվել»,-ասաց Գվինդաձեն՝ հավելելով, որ 2015-ին ունեցել են մոտ 138 մլն եվրոյի ներդրում, 2019-ի մոտ 120 մլն ներդրումը երկրորդ տեղում է, իսկ մնացած ֆինանսական ներդրումային կառույցներից  իրենց տարբերությունն այն է, որ իրենց ներդրումների մեծ մասը` գրեթե 90 տոկոսը մասնավոր հատվածում է:

«Հայաստանում մեր գործունեության 48 տոկոսը կապված է ֆինանսական հաստատությունների հետ, այսինքն` արվում է ֆինանսական հաստատությունների միջոցով: 34 տոկոսը կայուն ենթակառուցվածքներն են, որում ներառված է տրանսպորտի ենթակառուցվածքը, քաղաքային, համայնքային, նաև էներգետիկայի, բնապահպանության ոլորտը: Եվ 18 տոկոսը արդյունաբերության, առևտրի և ագրոբիզնեսի ոլորտում է: Այստեղ ներառված են տարբեր հատվածներ` անշարժ գույքի և տուրիզմի, տեղեկատվության, հաղորդակցության, ագրոբիզնեսի ոլորտը և այլն»,- նշեց նա:

Նոյեմբերի վերջին ՎԶԵԲ-ի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի համար նոր ռազմավարության փաստաթուղթը, որում ուրվագծված է 5 տարիների ընթացքում Հայաստանի հետ համագործակցությունը: Ֆինանսների և էներգետիկայի ոլորտներին իր ավանդական հատուկ ուշադրությունը տրամադրելուց բացի, բանկը կշարունակի ակտիվորեն ուսումնասիրել հնարավորությունները տրանսպորտի և քաղաքային ենթակառուցվածքների, արտադրության և ծառայությունների, առևտրի և գյուղատնտեսության, անշարժ գույքի և զբոսաշրջության, ՏՏ ոլորտներում: Գվինդաձեի կարծիքով` դա շատ հավակնոտ ռազմավարություն է:

Էներգետիկայի ոլորտում բանկը շարունակել է աջակցել Հայաստանի էլեկտրական ցանցերին` իրականացնելու բաշխիչ ցանցի արդիականացման երկարաժամկետ ներդումային ծրագիրը: Շուտով Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ ստորագրելու են արևային էներգիայի արտադրության գործարանի ծրագիր:

2020-ին բանկը նախատեսում է Հայաստանում կատարել մոտ 100 մլն եվրոյի ներդրում` հիմնականում մասնավոր հատվածում: