Սարգսյանն ահազանգում է՝ ԵԱՏՄ-ում անհրաժեշտ են փոփոխություններ՝ սպառողից արտադրող դառնալու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Չորս տարի առաջ, երբ մենք հանդես եկանք ԵԱՏՄ թվային պլատֆորմ ստեղծելու նախաձեռնությամբ, մեր երկրները պատրաստ չէին դրան, և մեզ սկսեցին քննադատել նրա համար, թե ցանկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համար հավելյալ լիազորություններ ստանալ։ Այս մասին Ալմա-Աթայում կայացած «Համաշխարհային տնտեսության թվային ապագան» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ 

«Այսօր ես ուրախ եմ, որ բոլոր վարչապետներն ընդգծեցին՝ մեզ անհրաժեշտ է միասին աշխատել մեր ներուժը իրացնելու համար։ Գլոբալ մարտահրավերը, որի առջև մենք կանգնած ենք, թվային տրանսֆորմացիայի կառավարման խնդիրն է։ Երբ այս մասին խոսում ենք ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կամ վարչապետների մակարդակով, մեզ անընդհատ ասում են, որ երկրները դեռ պատրաստ չեն ԵՏՀ-ի հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ, դուք անընդհատ շտապում եք։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ է նշանակում մեր ազգային կառավարությունների համար թվային սուվերենիտետ, և ի՞նչպես են նրանք պատրաստվում իրացնել այն», - նկատել է Սարգսյանը։ 

Տիգրան Սարգսյանը, հղում անելով Բելառուսի վարչապետի խոսքին, նշել է. «Նա ընդունեց, որ իրենց երկրում ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում արտադրվող 90% արտադրանքն արտահանվում է։ Ստացվում է, որ Բելառուսը աշխատում է խոշոր անդրազգային ընկերությունների հետ, այդ երկրի ինտելեկտուալ ներուժը աշխատում է երրորդ երկրների համար։ Նույն բանը կատարվում է նաև Հայաստանում՝ գրեթե 10. 000 բարձրորակ ծրագրավորողները աշխատում են դրսի կամ անդրազգային կազմակերպությունների համար», - նշել է ԵՏՀ ղեկավարը։ 

Տիգրան Սարգսյանի խոսքերով, ԵԱՏՄ տարածքում չի պաշտպանվում տվյալների բազան։ «Եվրամիությունն ընդունել է նորմատիվ որոշում՝ պաշտպանելու տվյալների բազան, որի համաձայն ԵՄ տարածքում կարող են աշխատել միայն այն կայքերն ու պլատֆորմները, որոնք պաշտպանում են ԵՄ անդամ երկրների քաղաքացիների տվյալների բազան։ Այս արգելափակման տակ են ընկել բազմաթիվ հզոր կազմակերպություններ՝ ինչպիսիք են Los Angeles Times-ը կամ Chicago Tribune-ը։ Չե՞նք վերածվի մենք արդյոք սպառողի, ինչպիսին հենց հիմա կանք», - ահազանգել է Սարգսյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։