Կարո Փայլանը քննադատել է Թուրքիայի դրոշը պատռած հույն պատգամավորին

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News 

Փայլան

Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Իոանիս Լագոսի արարքը:

Նշենք, որ հունվարի 30-ին Բրյուսելում կայացած Եվրախորհրդարանի գլխավոր ասամբլեայի նիստում հույն պատգամավոր Իոանիս Լագոսը ի նշան բողոքի պատռել էր թղթից պատրաստված Թուրքիայի դրոշը:

 

Կարո Փայլանն այս մասին գրառում է արել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում:

«Այս ռասիստին Հունաստանում ընդունում են որպես խելագարի: Հունաստանի արտգործնախարարությունը դատապարտել է նրա արարքը:

Ֆաշիստները Հունաստանում մարգինալ («լուսանցքային») են:

Այստեղի ռասիստներն իրենց արձագանքներում թշնամություն են քարոզում Հունաստանի ժողովրդի նկատմամբ, ինչն այս տխմարին թույլ կտա հասնել իր նպատակին: Թող ռասիզմը ռասիզմի զոհ չդառնա»,- գրել է Փայլանը:

Հիշեցնենք, որ հույն պատգամավորը նիստին անդրադարձել էր հունական կղզիներում ապաստանած փախստականների իրավիճակին:

«Մի կողմից էլ Թուրքիան է, որը կարողանում է անել այն, ինչ ցանկանում է: Անդադար ներգաղթյալներ են գալիս մեր երկիր: Ահա, Թուրքիայի դրոշն է, ի՞նչ են անում սա. պատռում և մի կողմ են նետում: Պետք է արդեն վերջ դնել սրան (ներգաղթյալների հոսքին-խմբ.),-ասել էր Լագոսը: