Մեղրիի մաքսակետում իրանցու ուղեբեռում գտել են 3 ներքնակ, սպունգները՝ ներծծված ափիոնով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

ներծծված

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների հետ համատեղ կանխել են խոշոր չափի թմրանյութի՝ մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման հերթական դեպքը։

Հսկողության արդյունքում վարչության աշխատակիցները զննության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած Իրանի քաղաքացու ուղեբեռը: Արդյունքում ուղեբեռում հայտնաբերվել է շուրջ 5 կգ ընդհանուր քաշով 3 ներքնակ, որոնց սպունգները ներծծված են եղել «ափիոն» տեսակի թմրանյութի փոշենման զանգվածով: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դեպքի փաստով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով: Իրանի քաղաքացին ձերբակալվել է: