Միրզոյանը ՀՀ ԱԺ միակ նախագահն է, որ անվավեր է ճանաչել իր որոշումները․ Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News

բակո

Իրավապաշտպան, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ նշում է, որ ԱԺ-ը ընդունել է, որ փետրվարի 6-ին արտահերթ նիստի նշանակումը կատարվել է օրենքի խախտմամբ:

«ԱԺ նախագահը հաստատեց, որ ես ճիշտ էի, երբ ասում էի, որ փետրվարի 6-ին արտահերթի նշանակումը կատարվել է օրենքի խախտմամբ:

ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահը նոր որոշում է ընդունել դրանով անվավեր է ճանաչվել իր կողմից ապօրինի ընդունված նախորդ որոշումը:
Հիշեցնեմ, որ սա արդեն երկրորդ այսպիսի դեպքն է, երբ իմ օգնությամբ ԱԺ նախագահը անվավեր է ճանաչում իր կողմից ավելի վաղ ընդունված որոշումը կամ կարգադրությունը:

Միաժամանակ հիշեցնեմ, որ Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ միակ նախագահն է, որ անվավեր է ճանաչել իր որոշումները կամ կարգադրությունները:

Ժամանակին ախր ասում էի․ ընդունեք, որ չունեք մասնագետներ ու ես պատրաստ եմ անվճար խորհրդատվություն տրամադրել: Հիմա ես ո՞նց վստահեմ ձեր ընդունած օրենքներին»:

Հիշեցնենք, որ իրավապաշտպանն ավելի վաղ ահազանգել էր այն մասին, որ ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունն ու ԱԺ նախագահը անտեսել են ԱԺ Կանոնակարգ օրենքով արտահերթ նիստ հրավիրելու բազմաթիվ կանոններ: Արտահերթ նիստ հրավիրելու մասին ԱԺ նախագահի համապատասխան որոշումը նախ տեղադրվել էր ԱԺ կայքում, ապա հեռացվել։

Նշենք, որ ԱԺ կայքում քիչ առաջ տեղադրվել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշումը՝ ԱԺ նախագահի ՆՈ-16-Լ որոշումը անվավեր ճանաչելու մասին։

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.« Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը ՝ որոշում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2020 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-16-Լ որոշումը ճանաչել անվավեր:

2. Առաջարկել 2020 թվականի փետրվարի 6-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունը պաշտոնապես ներկայացրած Ազգային ժողովի պատգամավորներին՝ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ գրությունը, ինչպես նաեւ դրան կից ներկայացվող փաստաթղթերը երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխանեցնել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերի եւ 7-րդ մասի 2-րդ կետի պահանջներին»: