Մեծ Բրիտանիան պաշտոնապես լքեց ԵՄ-ն

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News   

Բրեքզիթ

Բրեքզիթն ի վերջո ավարտին է հասել : Երեք ու կես տարվա ծանր բանակցային գործընթացից հետո Մեծ Բրիտանիան պաշտոնապես լքում է ԵՄ-ը ուրբաթ օրը: Բրեքզիթի կողմնակիցները ողջունել են այս զարգացումը։ Գրել է «Ամերիկայի Ձայնը»։

Այսօր Մեծ Բրիտանիան լքեց Եվրամիությունը: Բրյուսելում Եվրախորհրդարանի պատգամավորները հրաժեշտի երգ են հնչեցրել՝ ուղղված Մեծ Բրիտանիայի իրենց 73 գործընկերներին: Իսկ Բրեքզիթի կողմնակիցները ոգևորությամբ են ընդունել այս փաստը՝ այս օրը որակելով հաղթական:

Սակայն փորձագիտական շրջանակները չեն կիսում այն կարծիքը, որ այսպիսով Բրեքզիթը մոտեցավ իր ավարտին: Բազմաթիվ խնդիրներ մնացել են չկարգավորված, որոնց պետք է անդրադառնա Մեծ Բրիտանիան: Մասնագետների հաշվարկով այս անորոշության պատճառով Մեծ Բրիտանիան այս տարվա համախառն ներքին արդյունքում կկորցնի հինգ ու կես միլիարսդ դոլար:

Սակայն վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով օրերս ընդունել էր պետքարտուղար Մայք Պոմպեոյին, բացառել է ԵՄ հետ բանակցությունների ժամկետների որևէ երկարացում 2020 թվականից հետո: Ջոնսոնը ցանկանում է արագորեն կնքել առևտրային համաձայնագրեր ԱՄՆ ու այլ ոչ եվրոպական երկրների հետ:

ԵՄ ու Մեծ Բրիտանիայի միջև առկա են մի շարք անհամաձայնություններ: Օրինակ ԵՄ պահանջում է Լոնդոնից թույլատրել ԵՄ երկրներին մուտք ունենալ բրիտանական ջրային սահմաններ ձկնորսության նպատակով, ինչպես նաև կոչ անում Մեծ Բրիտանիային պահպանել եվրոպական չափանիշներն աշխատուժի շուկայում և բնապահպանության հարցերում: Լոնդոնը սակայն համաձայն չէ այս մոտեցումների հետ:

Բացի այդ, Մեծ Բրիտանիան ինքն առերեսվում է մի շարք մարտահրավերների, ի դեմս անկախության հանրաքվե անցկացնելու Շոտլանդիայի պահանջի, որը կարող է հնարավորություն տալ Շոտլանդիային վերամիավորվելու ԵՄ հետ:

Իսկ այդ ընթացքում Լոնդոնի կենտրոնական փողոցներում և այլ վայրերում Բրեքզիթի կողմնակիցները տոնում են իրենց հաղթանակը: Հունվարի 31-ը փակում է Բրեքզիթի թեմայի առաջին էջը: