Սննդի, ծանրոցների առաքման միջոցով կորոնավիրուսով վարակվելու վախն արդարացված չէ. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

 

սնունդ
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով Չինաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետ Չժան Լյուբոյի հայտարարությանը, գրում է, որ սննդի կամ ծանրոցների առաքման միջոցով նոր կորոնավիրուսով վարակման վախն արդարացված չէ, քանի որ վիրուսի փոխանցման հիմնական եղանակը օդակաթիլային ճանապարհն է։

«Վիրուսը հիմնականում փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, իսկ սննդի միջոցով վիրուսի ուղղակի փոխանցման ռիսկը փոքր է, դեռևս չկան հստակ ապացույցներ, որ վիրուսը կարող է առաքման միջոցով փոխանցվել մարդկանց»,- ասել է փորձագետը, ապա տեղեկացրել, որ առաքումը ստանալուց հետո անհրաժեշտ է հետևել ձեռքերի հիգիենային, իսկ արտաքին փաթեթավորումը՝ դեն նետել:

Միևնույն ժամանակ պատրաստի կերակրի տարաներն անհրաժեշտ է ախտահանել և մաքրել անձեռոցիկներով կամ թղթե սրբիչով:

Վերջին տեղեկությունների համաձայն` կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 259-ի, վարակվածների թիվը մոտ 11 100 է: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում՝ Գերմանիա, Ռուսատան, Վրաստան, Թուրքիա։