Թուրքիան սկսել է Չինաստանում գտնվող իր քաղաքացիների տարհանումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News     

Թուրքիա

Չինաստանում բռնկված կորոնովիրուսի տարածման օջախ հանդիսացող Ուհան քաղաքից Թուրքիայի քաղաքացիները տարհանվել են Թուրքիայից ուղարկված հատուկ ինքնաթիռով։ Մինչ թռիչքը թուրքական Habertürk լրատվակայքը ուղիղ միացմամբ կապ է հաստատել Ուհանի օդանավակայանում գտնվող թրքուհի Նեսլիհան Չիմենի հետ, ով չինացի ամուսնու և երեխայի հետ սպասում էր Թուրքիա տեղափոխվելուն։ Գրել է Ermenihaber-ը։

Չիմենը պատմել է, որ Չինատանի իշխանությունները երկար ժամանակ թույլ չէին տալիս չինական անձնագիր ունեցող քաղաքացիներին ու նրանց երեխաներին մեկնել երկրից։ Միայն նախօրեին նաև Թուրքիայի դեսպանատան ջանքերով հնարավոր է եղել նման թույլտվություն ստանալ Թուրքիայի այն քաղաքացիներին ընտանիքների համար, որոնք ամուսնացած են չինացիների հետ։ Ընդհանուր առմամբ Ուհանից տարհանվել է 25 թուրքական ընտանիք։

Նեսլիհան Չիմենն իր ընտանիքի հետ Չինաստան էր մեկնել ընդամենը 13 օր առաջ։ Նրա խոսքով՝ Ուհանում իրավիճակը հատկապես քաոսային էր դարձել հունվարի 21-22-ին, իսկ 23-ին քաղաքում կարանտին էր հայտարարվել, և այն ուրվական-քաղաքի էր վերածվել։ Թուրքիայի քաղաքացին ընդգծել է, որ համաճարակի պատճառով առաջացած դրությունն այս պահին շատ ավելի սարսափելի է, քան կարելի է պատկերացնել լրատվամիջոցներից ստացվող տեղեկությունների հիման վրա։

Ուհանից տարհանվող Թուրքիայի քաղաքացիներին նախապես զգուշացրել են, որ Թուրքիայում ևս նրանք առնվազն 14 օր մեկուսացված և բժշկական վերահսկողության տակ են լինելու։ Նրանք առանց վարանելու համաձայնել են՝ ցանականալով պահ առաջ հեռանալ «ուրվական քաղաքից»։