ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը Բաքվի հայերի ջարդի մասին հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News 

բաքվիջարդեր

Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ:

«Մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք.

1990 թվականի հունվարի 13-19-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի Բաքվում ապրող հարյուր հազարավոր հայեր ենթարկվեցին զանգվածային ջարդերի, ազգությամբ հայ բնակչության դեմ եղան կազմակերպված հարձակումներ, ինչն Ադրբեջանի քաղաքականության դրսևորումն էր: Հարյուրավոր հայեր սպանվեցին, խեղանդամվեցին, հետապնդվեցին և տեղահանվեցին: Ոչնչացման սպառնալիքի ներքո շուրջ 250000 հայ ստիպված եղավ փախուստի դիմել Ադրբեջանից:

Բաքվի ջարդերը դարձան հայերի հանդեպ ռասիզմի և այլատյացության (հայատյացության) պետական քաղաքականության գագաթնակետը: Հակառակ միջազգային հանրության՝  մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների և Եվրախորհրդարանի (1988, 1990, 1991թթ. բանաձևերի) արձանագրած փաստերի՝ Ադրբեջանի իշխանությունները հերքում են այս հանցագործությունները, խուսափում են պատասխանատվությունից: Այդ վայրագություններից 30 տարի անց չկա հարգանք և կարեկցանք Ադրբեջանում հայկական ջարդերի զոհերի հանդեպ: Այն ադրբեջանցիները, որոնք փորձեցին խոսել ջարդերի մասին, պաշտոնապես համարվում են դավաճաններ:

Այս կապակցությամբ մենք

- ոգեկոչում ենք Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը,

- դատապարտում ենք ռասիզմի և այլատյացության ցանկացած դրսևորում,

- վերահաստատում ենք, որ մարդկության հանդեպ գործած հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և շեշտում ենք, որ նախկինում գործած հանցագործությունների դատապարտումն ամենակարևոր երաշխիքն է նոր հանցագործությունները կանխելու համար,

- դատապարտում ենք, որ ջարդերի կազմակերպիչները և հրահրողները դեռևս պատասխանատվության չեն ենթարկվել»,-նշված է հայտարարության մեջ:

Գրավոր հայտարարությանը նաև միացել են ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ տարբեր երկրներից և տարբեր քաղաքական խմբերից: