«Ե՞րբ զոհվեց հեղափոխությունը». Ստեփան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

.

Հեղափոխության զոհվելու օրը կարելի բավականին ստույգ կերպով նշել, վթարը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսի երկրորդ կեսին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը, ով իր գրառում վերնագրել է. «Ե՞րբ զոհվեց հեղափոխությունը»:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ստույգ օրը կարելի է լրացուցիչ կերպով ճշտել, բայց տվյալ դեպքում դա էական չէ։

Հեղափոխությունները քաղաքական կուսակցությունները չեն կարող իրականացնել։ Դրա համար համաժողովրդական շարժում է պետք, համաժողովրդական օրակարգով։ Հեղափոխության օրակարգի հիմնարար խնդիրները նույնպես համաժողովրդական կառավարությունն է կարող իրականացնել, առանց կուսակցական դրոշների։

Երբ խաղի մեջ են մտնում կուսակցությունները, դա նշանակում է, որ շարժումն արդեն տրոհվել է և ընթանում է պայքար իշխանության համար։ Ինչ վերաբերվում է հեղափոխության օրակարգին, ապա այստեղ կա երկու տարբերակ. կամ մինչ իշխանության համար պայքարն է այն իրականացվում, կամ էլ այն արդեն վիժեցվել է մինչ այդ պայքարի սկսվելը։

Մեր դեպքում կարծես թե երկրորդ տարբերակն է։ Երբ հայտնի անձնավորությունը 2018-ի մայիսի երկրորդ կեսին ձևավորեց կուսակցական կառավարություն, հիբրիդային կոալիցիայի տեսքով, ապա համաժողովրդական օրակարգն, ըստ էության, արդեն տապալվել էր։

Դա, իհարկե, արդեն ազգային համաձայնության կառավարություն չէր, ընդամենը կուսակցական համաձայնության պրոդուկտ էր։ Իսկ երբ վարչապետը նախընտրական հուշագիր ստորագրեց ԲՀԿ-ի հետ, դա արդեն հեղափոխության շիրմաքարի տեղադրման օրն էր։

Մնացածն ըստ մեզ հայտնի ժանրի՝ իշխանության համար պայքար և հանրության ուղեղների լվացում։

Հեղափոխության գետնին տապալված դրոշը պետք է բարձրացվի։

Հ.Գ. Այդ ժամանակ համաժողովրդական համաձայնության ժամանակավոր կառավարության ստեղծման մասին առաջարկները հրապարակայնորեն արվել էին։