«Ակնհայտ անհիմն քրեական հետապնդում է». փաստաբանը`Արա Բաբլոյանի գործի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Thumbnail

Ակնհայտ անհիմն քրեական հետապնդում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արա Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը նշելով, որ իրենք այս դիրքորոշումը ներկայացրել են նախաքննական մարմնին:

«Մեր դիրքորոշումն այն է, որ ակնհայտ անհիմն քրեական հետապնդում է, քրեական դատավարության օրենսգրքի բազմակողմանիության, օբյեկտիվության, լրիվության, չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանման եւ այլ քրեադատավարական հստակ սկզբունքների խախտման ունենք նախաքննության ավարտ, այն պարագայում, երբ պետք է ունենայինք քրեական հետապնդման դադարեցում»,-ասաց նա:

Փաաստաբանի խոսքով՝ նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարել էր նախաքննության ավարտ, սակայն մեղադրական եզրակացությունը վերադարձվել էր, չէր հաստատվել դատախազության կողմից, այն հիմնավորմամբ, որ կան այնպիսի թերություններ, որոնք ըստ էության, հաղթահարման ենթակա չեն: «Սակայն լրացուցիչ քննությունը, իմ գնահատմամբ, բարձրաձայնված հարցերից եւ ոչ մեկին գնահատական չի տրվել: Այն պնդումները եւ դիրքորոշումները, որոնք մենք նախաքննության հենց սկզբի ամսից մինչեւ այսօր դիրքորոշումովս ներկայացրել եմ, դրանք պատշաճ գնահատականի չեն արժանացել: Եւ ինձ մոտ տպավորություն է, որ նաախաքննական մարմինը մեկ ուղղության ելակետը վերցրած նախաքննություն է իրականացնում, երբ պետք է իրականացնի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն եւ ես այսօր էլ կարող եմ պնդել, որ Արա Բաբլոյանի դեմ չկա ոչ մի ցուցմունք, Արա Բաբլոյանի կողմից չի կատարվել ոչ մի նույնիսկ ենթադրյալ օրենքի տեսանկյունից խնդրահարույց արարք եւ չկա դրա վերաբերյալ ոչ մի ապացույց»,-ասաց նա:

Վարդեւանյանը հավելեց, որ հույց ունի որ գործը չի հասնի դատարան, քանի որ գործով որեւէ ցուցմունք եւ ապացույց չկա իր պաշտպանյալի դեմ:

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանն երեկ՝ հունվարի 31-ին, Հատուկ քննչական ծառայությունում էր։