Դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

դատավոր

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը:

Վերաքննիչ քրեական դատարանում քննարկվում է «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու որոշման դեմ դատախազության բողոքը։ Նախորդ դատական նստին պաշտպանները Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն էին ներկայացրել:

Ավելի վաղ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը, ոչ թե՝ առանձնացված մասի նյութերը: Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան և Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ բավարարել էր Հովհաննես Խուդոյանի բողոքը՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը։

Դատախազությունը բողոքարկել էր դատարանի նշված որոշումը, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: