Փորձ է արվում սեպ խրել 2 եղբայրական ժողովուրդների բարեկամության մեջ․ ՀԿԿ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News   

Հայաստանիկոմունիստականկուսակցություն

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն իր վերջին հայտարարության մեջ խստորեն դատապարտում է հասարակության մեջ շրջանառվող այն տեղեկությունը, որ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը։

«Հաշվի չի առնվում բազմահազարանոց լսարանի կարծիքը և նման  գործողությամբ փորձ է արվում մեկ անգամ ևս սեպ խրել երկու եղբայրական ժողովուրդների բարեկամության մեջ։ Այս ամենն ուղղված է բացառապես հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանն ու քայքայմանը, ինչն ուղղակիորեն հակասում է  վարչապետի հայտարարությանը, որ ռուսական հեռուստաալիքների արգելման խնդիր չկա։ Արդեն պարզ է դառնում, որ նման սադրանքների հեղինակներն առաջնորդվում են բացառապես իրենց ներանձնական, արևմտյան տարատեսակ պետականաքանդ ֆոնդերի շահերից ելնելով, բայց ոչ երբեք Հայաստանի։ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հորդորում է զերծ մնալ նման ինքնագործունեությունից, հստակեցնել պետության դիրքորոշումը ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցում, որպեսզի հետագայում բացառվեն նման անպատասխանատու և մերկապարանոց հայտարարությունները իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնք սպառնալիք են երկու երկրների դաշնակցային և ռազմավարական հարաբերություններին։ Ձեռքներդ հեռու ռուսական հեռուստաալիքներից»,-նշվում է ՀԿԿ հայտարարության մեջ։