Վազգեն Սարգսյանը հայտարարել էր, որ ծանրության մեծ մասն ընկած էր Մանվելի վրա. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

իրավական

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը երկու տարվա ընթացքում դարձել է անդամալույծ: Այս մասին այսօր`փետրվարի  3-ին, կայացած մամուլի ասուլիսին ասել է նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

«Խնդիրը  կայանում է նրանում, որ այս երկու տարվա ընթացքում անձը դարձավ անդամալույծ եւ Հայաստանի բժշկությունն անզոր է գոնե կանխելու հիվանդությունների  վատթարացումը, իսկ դա արդեն հանրահայտ փաստ է դարձել, ոչ մեկ էլ դա արդեն չի վիճարկում»,- ասել է բաղդասարյանը:

Փաստաբանը հերքել է այն տեղեկատվությունը, որ Մանվել Գրիգորյանը կարճ ժամանակահատվածով տուն է գնացել ու հետ վերադարձել:

Փաստաբանի կարծիքով` ներկայումս Մանվել Գրգորյանին դանդաղ սպանում են, ինչն անթույլատրելի է:

«Եթե ապացուցվի այդ արարքը, որ Գրիգորյանը կատարել է, առաջին քար գցողը ես կլինեմ, բայց նաև պետք է գնահատել անձը, իր կատարած արարքը: Իզուր չէր, որ Վազգեն Սարգսյանը, որը ժլատ էր իր գովեստների մեջ, պաշտոնապես հայտարարեց, ասեց`ծանրության մեծ մասն ընկած է եղել Մանվելի վրա և նման պայմաններում անձին դանդաղ սպանել, դա անթույլատրելի է: Թող ապացուցվի իր մեղքը և եթե դատարանը գտնի`մեղավոր է, թող գնա երկարաժամկետ դատապարտվի»,- ասել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Հիշեցնենք նաև, որ դատարանը հունվարի 15-ին փոխել էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ նրան ազատելով կալանքից չբացակայելու ստորագրությամբ։ Մանվել Գրիգորյանի ազատման միջնորդության նախաձեռնողը դատախազությունն էր՝ նախկին պատգամավորի առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետ կապված։ Մանվել Գրիգորյանը մինչ այդ տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ։ Նրա վիճակը գնահատվում է չափազանց ծանր: