Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է կորոնավիրուսի շուրջ խուճապ տարածելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News     

Չինաստան-ԱՄՆ

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինն ասել է, թե ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում ոչ մի նշանակալի օգնություն չի ցուցաբերել և խուճապ է տարածել այդ ֆոնին:  

«Համաճարակի սկսվելու պահից շատ երկրներ են օգնություն տրամադրել և աջակցել Չինաստանին, և մենք շնորհակալ ենք դրա համար: Բայց, ինչքանով ինձ է հայտնի, ամերիկյան կառավարությունը ոչ միայն նշանակալի օգնություն չի ցուցաբերել Չինաստանին, այլ ընդհակառակը` ԱՄՆ-ն առաջինն Ուհանից դուրս բերեց հյուպատոսության իր աշխատակիցներին, առաջինը ցանկություն հայտնեց դուրս բերել Չինաստանից դեսպանատան աշխատակիցների մի մասին, առաջինն արգելեց Չինաստանի բոլոր քաղաքացիներին մուտք գործել ԱՄՆ, այն բանից հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ էր տվել այցելությունների և առևտրի առումով սահմանափակումներ չմտցնել»,-ասել է չինացի դիվանագետը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն իր գործողություններով  «խուճապի առաջացում ու տարածում» է հրահրել։