Չինաստանից եկած բոլոր անձինք չեն թեստավորվելու․ ԱԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

ԱԱՏՄ

Հայաստանում կորոնավիրուսի կասկածով մեկ քաղաքացի թեստավորվել է․ հիվանդությունը վերջինիս մոտ հերքվել է։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան իր էջից։ ԱԱՏՄ-ն պատասխանել է նաև մի քանի հարցերի։

«Արդյո՞ք կորոնավիրուսի թեստ անցնելու են ՀՀ սահմանը հատող բոլոր այն անձինք, որոնք, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստացած տվյալներով, վերջին շրջանում եղել են Չինաստանում կամ գալիս են այդ երկրից։

Ոչ։ Կորոնավիրուսի թեստով հետազոտության համար կա մեկ միասնական մոտեցում՝ ըստ ԱՀԿ-ի։ Այդպիսի հետազոտության ենթակա են այն անձինք, որոնք արդեն ունեն հիվանդությանը բնորոշ ախտանշաններ եւ եղել են Չինաստանում վերջին 14 օրվա ընթացքում կամ շփվել են կորոնավիրուսով կամ դրան բնորոշ ախտանշաններով մարդկանց հետ։

Եթե Հայաստանի օդային կամ ցամաքային սահմանը հատող անձի մոտ ԱԱՏՄ սահմանային անցման կետերի աշխատակիցներն արձանագրում են կասկածելի ախտանշաններ, տվյալ անձը մեկուսացվում է եւ հոսպիտալացվում։ Այս դեպքում կարող է կատարվել կորոնավիրուսի թեստով հետազոտություն, եթե առկա է համապատասխան մասնագիտական ցուցում։

Չինաստանից եկողների հանդեպ կա՞ հատուկ ընթացակարգ։

Այո։ Հայաստան մուտք գործելիս Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սահմանային անցման կետերում նրանց նկատմամբ իրականացվում է բժշկական հսկողություն՝ ջերմաչափում, վարակիչ հիվանդությանը բնորոշ ախտանշանների առկայության արտաքին զննում, իրականացվում է հարցում։ Դեռ ինքնաթիռում լրացվում են հասցեական թերթիկներ։ Վերջիններս տրամադրվում են պոլիկլինիկաներին կամ բուժհաստատություններին, որոնք հետագա զննումների արդյունքում գնահատում են՝ կա՞ արդյոք թեստավորման կարիք։

Հայաստանում կորոնավիրուսի կասկածով մեկ քաղաքացի թեստավորվել է․ հիվանդությունը վերջինիս մոտ հերքվել է»,-նշված է հայտարարության մեջ։