ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Հատուկ քննչական ծառայությունն այսօր պատասխանել էր նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այսօրվա հրապարակային հայտարարության, որով վերջինս նշելով, որ, չնայած իրեն առաջադրված մեղադրանքը «զուրկ է որևէ իրավական, տրամաբանական և առարկայական հիմքից», հայտնում էր իր պատրաստակամությունը «վաղը ևեթ վերադառնալ Հայաստան և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին»:
«Ընդ որում, որպեսզի դա արվի հրապարակային, և մեր հասարակությունը հասկանա՝ իրականում ինչ է տեղի ունենում, առաջարկում եմ կազմակերպել հրապարակային քննարկում ՀՀ վարչապետի մոտ, կամ իր մասնակցությամբ ուղիղ հեռարձակմամբ՝ ՀՀ ՀՔԾ պետի և Գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների և միջազգային փորձագետների մասնակցությամբ»,– գրել էր նա:
168.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասել է, որ ինքը ՀՔԾ-ից պատասխան չի սպասել ու չի ակնկալել, հետևաբար՝ իրեն չի էլ հետաքրքրում, թե ինչ են պատասխանել ՀՔԾ-ից:
«Ես առաջարկն արել եմ վարչապետին ու նրանից էլ սպասում եմ պատասխան»,- ասել է Գևորգ Կոստանյանը և հավելել.
«Այո, նախաքննական մարմին-մեղադրյալ հարաբերությունները կարգավորվում են բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերով, սակայն այն պահից, երբ նախաքննական մարմինը դրանք հրապարակային դարձրեց, ես ինձ իրավունք եմ վերապահել նույն կերպ ինքս էլ վարվել: Այո, նախաքննական մարմին-մեղադրյալ հարաբերությունները կարգավորվում են օրենքով, բայց նույն օրենսգրքով սահմանված չէ, որ ՀՔԾ-ն պետք է հայտարարություն տարածի մեղադրանքի ողջ ծավալով: Իրենք դուրս են եկել Քրեական դատավարության կարգավորումից և ինձ մեղադրել են հրապարակայնորեն, հետևաբար՝ ես էլ պահանջում եմ նույն իրենց որդեգրած սկզբունքի սահմաններում, նույն հանրությանը հրապարակային պատասխանել՝ ունե՞ն գոնե մեկ ապացույց, թե՞ ոչ, որովհետև ես պնդում եմ, որ ոչ մի ապացույց չունեն, և մեղադրանքը կեղծ է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։