ԱԺ խորհրդի նիստը չկայացավ, պատգամավորները խնդրել են հետաձգել այն 1 օրով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

աժ մակունց.

«ԱԺ խորհրդի նիստը տեղափոխվեց վաղը: Քանի որ «Իմ քայլը» խմբակցությունից եղավ միջնորդություն՝ այսօր հետաձգել և վաղը քննարկել, բոլորս համաձայն էինք, կոնսենսուս կար և հետաձգվեց», - այդ մասին լրագրողներին հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ տեղեկացնելով, որ նախագծի հեղինակն էր խնդրել, որ նիստը հետաձգվի, պատգամավորներն էլ չեն առարկել։

Էդմոն Մարուքյանը նաև նշել է, եթե փետրվարի 5-ի նիստում հաստատվի օրակարգը, ապա ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԼՀԿ դիրքորոշմանը՝ Էդմոն Մարուքյանն ասել է, որ իր գլխավորած քաղաքական ուժը շարունակում է նախաձեռնության մեջ հակասահմանադրականություն տեսնել:

Նշենք, որ արտահերթ նիստով «Իմ քայլը» խմբակցությունը նպատակ ունի ընդունել հետևյալ օրենքները. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը 2020 թվականի փետրվարի 6-ին գումարվող արտահերթ նիստի օրակարգ ընդգրկելը:

Ըստ այդմ՝ նախատեսվում է մինչև Սահմանադրության փոփոխությունների ընդունումն Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով դարձնել ոչ պարտադիր․ նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների մասով։ Նախատեսվում է նաև ուժը կորցրած ճանաչել ԱԺ ընդունած Սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահին ուղարկելու մասին դրույթը, ինչպես նաև ԱԺ նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը։ Նախատեսվում է նաև ՍԴ դատավորների ընտրությունն անցկացնել ԱԺ-ի ոչ միայն հերթական, այլև արտահերթ նիստերի ընթացքում։