«Ոսկու աշխարհ»-ի սեփականատերը դիմել է ԱԱԾ և հայտնել, որ Գագիկ Բեգլարյանին կաշառք է տվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News   

Վաղարշ Աբրահամյան
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ աղբյուրի՝  նշված քրգործը հարուցվել է «Վաղարշ և որդիներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր Վաղարշ Աբրահամյանի՝ ժողորդին հայտնի «Ոսկու Վաղարշ» մականվամբ՝ Ոսկու շուկայի սեփականատիրոջ դիմումի փաստով:

Աղբյուրի տեղեկություններով՝ Վ. Աբրահամյանը ԱԱԾ քննչական վարչություն հայտնել է, որ իր ընկերությունը Երևան քաղաքի Անտառային փողոցի թիվ 144/3 հասցեում երբ իրականացրել է բազմաբնակարան շենքի կառուցում, այդ ժամանակ Երևանի «Չոռնի Գագո» մականվամբ՝ Գագիկ Բեգլարյանի կողմից անհիմն կասեցվելու որոշում է կայացվել և քանի որ ինքը նպատակ է ունեցել շարունակել շենքի շինարարական աշխատանքները, շինղեկի՝ ժողովրդի լեզվով ասած՝ «պռարաբի»՝ Արամ Վարդանյանի հետ իր հանգուցյալ ծանոթի միջնորդությամբ կապ է հաստատել Գ. Բեգլարյանի եղբոր՝ Յուրա Բեգլարյանի հետ ու վերջինիս միջոցով Գ. Բեգլարյանին են մաս-մաս փոխանցել 75 հազար ԱՄՆ դոլար, որից հետո շինարարության վերսկսման հետ կապված խոչընդոտները վերացել են: