Իսպանական Օնտինյենտ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News   

.

Իսպանիայի Վալենսիա նահանգում գտնվող Օնտինյենտ քաղաքի քաղաքային խորհուրդը հունվարի 30-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Diario Armenia պարբերականը՝ հղում անելով Վալենսիայում գործող «Արարատ հայկական միությանը»:

Աղբյուրի հաղորդմամբ Օնտինյենտի քաղաքային խորհուրդը դատապարտել է Օսմանյան կայսրության կողմից իրականացված աննախադեպ հանցագործությունը և Թուրքիայի ներկա իշխանությունների ժխտողական քաղաքականությունը: 

Քաղաքային խորհրդի նիստին ներկա են գտնվել նաև հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը և Օնտինյենտում միության ներկայացուցիչ Լիլիթ Մալխասյանը:

Քաղաքային խորհրդի 3 կուսակցություններից երկուսը (Լա Վալ էնս ունեյս և Կոմպրոմիս, ընդհանուր թվով՝ 19) կողմ, իսկ Ժողովրդական կուսակցությունը (2 ձայն) ձեռնպահ քվեարկեցին Արարատ Հայկական միության ներկայացրած միջնորդագրին: Օնտինյենտի իշխանությունը կոչ արեց Թուրքիայի և, մասնավորապես, Իսպանիայի իշխանություններին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։