Չկա խփելու տեսարանը, թե ինչ պայմաններում են ինձ վնասազերծել․ Պավլիկ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 5, 24News

պավլիկ

«Սասնա ծռերի» գործով դատական նիստին գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը դատարանին դիմեց այն հարցով, թե դատարանը չի՞ պատրաստվում արդյոք անդրադառնալ իրեն վնասազերծելու դեպքին և պահանջել տեսանյութեր նախաքննական մարմնից․

«Ինչ պայմաններում են ինձ վնասազերծել, դրան դատարանն ընթացք չի տվել։ Ինչ հանգամանքներում և ինչի համար են ինձ վնասազերծել։ Չկա խփելու տեսարանը, տեսանյութերը չկան։ Այն ժամանակ Ինեսսա Պետրոսյանը միջնորդել էր դրա վերաբերյալ»,- ասաց Մանուկյանը։

Նա հավելեց, որ իր դիմումը վերաբերում է նաև որդու՝ Արամ Մանուկյանի վնասազերծելու հանգամանքներին անդրադառնալու դեպքին։

Ի պատասխան Պավլիկ Մանուկյանի դիմումի՝ դատարանն ասաց, որ այդ միջնորդությունը չի կարող քննության առարկա լինել, քանի որ դա այլ դեպքով հարուցված քրեական գործ է։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու և դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

Զինված հարձակման հետևանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

ՊՊԾ գունդը զավթելու և այլ զինված արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: