Փորձ է արվում Արցախում ստեղծել այն վիճակը, որ կար Հայաստանում 2018թ․-ին․ Դավիթ Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 5, 24News

շահնազարյան

Արցախի հասարակությունը երբեք պառակտված չի եղել անգամ այն ժամանակ, երբ ընտրություններում լուրջ քաղաքական պայքար է եղել։ Հիմա Փաշինյանը քլունգն առած քանդում է Արցախի այդ միասնությունը,- այս մասին «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին, արտաքին և ներքին անվտանգություն» թեմայով քննարկմանն ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ եթե Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրությունների արդյունքում նախագահի բարձր պաշտոնը զբաղեցնի հլու հնազանդ Փաշինյանի կամակատար որևէ անձնավորություն, և ուղղակիորեն պաշտպանի այն բոլոր ճակատագրական սխալները, որն անում է Հայաստանի իշխանությունը և կառավարության ղեկավարը, ապա վտանգները ավելի շատ են լինելու։

«Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել է, որ Արցախի ու Հայաստանի դիրքորոշումները թե՛ բանակցային գործընթացի, թե՛ ընդհանարապես հակամարտության կարգավորման հարցում նույնական են: Այդ դեպքում առաջանում է խիստ հակասություն, եթե նույնական են, ապա ինչո՞ւ ես ուզում Արցախի ներկայացուցիչներին տանել բանակցային սեղան: Սա հարվածներից մեկն է, որը հասցվում է Արցախի Հանրապետության սուբյեկտայնությանը»,- հայտարարեց Դավիթ Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ եթե դա տեղի ունեցավ, ապա Արցախում իշխանության եկած նախագահը շարունակելու է ինքնամեկուսացնել Արցախը բանակցային բոլոր գործընթացներից: «Շատ հավանական եմ համարում, որ Արցախի Հանրապետության նախագահի և այսպես ասած Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի միջև սկսվեն ուղղակի պաշտոնական շփումներ, որովհետև ամեն ինչ գնում է դրան»,- շեշտեց նա:

Շահնազարյանը ընդգծեց, որ փորձ է արվում Արցախում ստեղծել այն վիճակը, որ կար Հայաստանում 2018թ. ապրիլին, կամ դրանից հետո: «Հայաստանի իշխանությունը նպատակաուղղված տարանջատում է մտցնում Արցախի հասարակության մեջ, սա Փաշինյանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից է, և քանի որ այս իշխանությունը նոր Հայաստան ասելով բերում է նաև նոր «բարոյականություն», դա «իրենց բարոյականությունն է» և այդ ամենը փորձ է արվում ներմուծել նաև Արցախ»,- հայտարարեց Դավիթ Շահնազարյանը: