Փաշինյանն ասում է ունեմ ոստիկանություն, տեսախցիկների առաջ պառկեցնում է ասֆալտին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

շահնազարյան

ՀՀ ոստիկանապետի ԺՊ-ն ստանձնել է ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի շահերին ծառայեցնելու անվերապահ պարտականություն,և որևէ օրենք չի կարող դրան խոչընդոտել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:

Նա, անդրադառնալով երեկ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու դեպքին, ասաց, որ իր խորին համոզմամբ՝ բերման ենթարկելու իրական պատճառը Նիկոլ Փաշինյանի կողմից արևմտյան որոշ շրջանակներին հասցեագրված ուղերձ էր:

«Արևմտյան այն շրջանակներին, որոնց Նիկոլ Փաշինյանը հաշվետու է, և որոնք իրեն օգնել են իշխանության գալ միմիայն մի նպատակի համար՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող: Սա ուղերձ էր այդ շրջանակներին, որ հանուն մի խնդրի լուծման, այսինքն՝ այն, ինչ նա անում է Լեռնային Ղարաբաղի դեմ, պատրաստ է Հայաստանում հաստատել բռնատիրություն և այդ լծակներն արդեն ունի: Ասում է՝ ունեմ ոստիկանություն, որը հասարակությանը հայտնի գործիչների առանց որևէ լուրջ հիմնավորման, տեսախցիկների առաջ պառկեցնում է ասֆալտին, ամեն ինչ անում է, ուրեմն՝ որևէ ներքին դիմադրություն, քաղաքացիական բողոքի ալիք այս հարցով ճնշելու եմ: Անելու եմ այն, ինչ խոստացել եմ»,-մեկնաբանեց Շահնազարյանը՝ նշելով նաև, թե բերման ենթարկելով կողմնակի հարցեր է նաև լուծում՝ անընդհատ փորձելով փոխել այն օրակարգը, որ հիմա հանրությունն ակտիվորեն քննարկում է, օրինակ՝ գրիչի թեման, ՀԴՄ-ի պատմությունը:

Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականներին՝ Շահնազարյանն ասաց.

«Նիկոլ Փաշինյանի խնդիրն անձերի հետ չէ: Այժմ Նիկոլ Փաշինյանի թիրախում է հայտնվել ԱԱԾ-ն, քանի որ այն ղեկավարին, որը չունի պետական մտածելակերպ կամ աշխարհայացք, որը բացառապես իր շահերով է առաջնորդվում, առաջին հերթին խանգարում են հենց հատուկ ծառայությունները: Իր խնդիրն անձերի հետ չէ, պետականության, պետական ինստիտուտների, անվտանգություն ապահովող ենթակառուցվածքների հետ է»,-նշեց նա: