Նոր նախագիծ․ առաջարկվում է ծխելն արգելել հանրային սննդի բոլոր օբյեկտներում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

ծխել

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը ներկայացրել է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Հակածխախոտային հայտնի օրինագծում փոփոխություն է կատարվել: Հանվել է կիսափակ տարածքներում ծխելու արգելքի առաջարկը․ նախագծով առաջարկվում է սահմանել հանրային փակ տարածքներում և հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխելու արգելք: 

«Առաջարկում ենք հանել կիսափակ հասկացությունը: Կիսափակ հասկացությունը հստակեցման կարիք ուներ, և վարչարարության առումով կարող էին խնդիրներ առաջացնել։ Սակայն դրույթ է ավելացվել, որ Հանրային սննդի բոլոր օբյեկտներում կարգվելի ծխախոտի օգտագործումը, որը և վարչարարության և առողջապահական և տնտեսական առումով հիմնավորումներ ունի»,-ասաց Նանուշյանը:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը խնդրեց հստակեցնել՝ սրանով հանրային սննդի բոլոր օբյեկտներում՝ անկախ բաց և փակ լինելուց, ծխելն արգելվելո՞ւ է 2022-ից: Նանուշյանը  դրական պատասխան տվեց:

«Կիսափակ եզրույթն առաջին ընթերցմամբ անցած օրենքի նախագծով օգտագործում էինք բոլոր տարածքների համար: Եվ, բացի հանրային սննդի օբյեկտներից, մի շարք տարածքներ ևս ընկնում էին այս դրույթի տակ: Մի շարք խնդիրներ էին բարձրաձայնվել: Հանրային սննդի օբյեկտների տնօրենների կողմից հանդիպման ժամանակ բարձրաձայնվել է այն հարցը, որ չպետք է տարանջատում սահմանվի փակ կամ բաց ռեստորանների, սրճարանների միջև. կարող է տնտեսական վատ ազդեցություն ունենալ հանրային սննդի փակ օբյեկտների վրա, եթե արգելքը սահմանվի միայն փակ տարածքների վրա»,-ասաց Նանուշյանը։

Առաջարկի համար նկատի են ունեցել նաև այն հանգամանքը, որ բացօթյա հանրային սննդի օբյեկտներում երբեմն սեղաններն իրար մոտ են, և ծխի ազդեցությունը կարող է տարածվել մյուսն սեղանների շուրջ նստածների վրա:

Որոշակի խմբագրության է ենթարկվել ծխախոտային արտադրատեսակի նմանակ հասկացությունը։ Սահմանվել է՝ ծխախոտային արտադրատեսակի նմանակ՝ արտադրանք, որը շփոթեցման աստիճանի արտաքնապես գույնով և ձևով նմանակում է ծխախոտային արտադրատեսակին:

Նախագիծը հանձնաժողովի քվեարկության կդրվի ընդմիջումից հետո: