Տիգրան Սարգսյանը պաշտպանել է ՀՀ պաշտոնական տեսակետը. մեկնաբանություն

ԵՐԵՒԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐ,  24News

Tigran Sargsyan

Հունվարի 30-ին Ալմաաթիում կայացած Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի շրջանակներում ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Միությունում քննարկվում է անդամ պետությունների՝ որոշ հարցերի շուրջ վետո կիրառելու իրավունքի չեղարկումն ու այդ գործառույթների հանձնումը վերպետական մարմնին՝ այն է ԵՏՀ-ին։ Ըստ Սարգսյանի, այս հարցն ենթակա է քննարկման, քանի որ եթե կողմերը ցանկություն ունեն խորացնել եվրասիական ինտեգրացիան, ապա ակնհայտ է, որ անհրաժեշտ է մեծացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործառույթները։ Այս հայտարարությունից հետո հայաստանյան որոշ շրջանակներ սկսեցին լուրեր տարածել այն մասին, թե իբր Տիգրան Սարգսյանն այս քայլով փորձ է անում զրկել ԵԱՏՄ անդամ պետություններին ինքնիշխանությունից, «հասնել նոր Խորհրդային Միության» ստեղծմանը և այլն։ Ընդ որում, գրեթե ակնհայտ է, որ նմանատիպ հայտարարությունների հետևում կանգնած են ուժեր, որոնք ոչ միայն դեմ են Հայաստանի ԵԱՏՄ անդամակցմանը, այլ նաև չեն էլ փորձել հասկանալ, թե ինչ ի նկատի ունի Սարգսյանը։ 24News-ի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ունեցած աղբյուրները հայտնում են, որ Սարգսյանի այս հայտարարությունը պայմանավորված է անդամ պետությունների կողմից հարցի քննարկման ժամանակ ներկայացված դիրքորոշումներով: Մեր այս տեղեկությունը հաստատեց նաև Սարգյանի օգնական Վիգեն Կտիկյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերվում է հակադեմպինգային հետաքննությանը, որի վերաբերյալ ԵՏՀ կոլեգիան կայացնում է որոշում ձայների մեծամասնությամբ: Լինում են դեպքեր, երբ անդամ երկրները կիրառում են ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված վետոյի իրավունքը, և խախտում կատարած երրորդ երկրների կազմակերպությունների նկատմամբ հնարավոր չի լինում կիրառել հակադեմպինգային միջոցներ: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգյանն այդ քննարկման շրջանակներում պաշտպանել է հայկական կողմի առաջարկությունը, այն է՝ երկրները հրաժարվում են այս հարցերով ընդունվող որոշումների նկատմամբ վետոյի կիրառման իրավունքից, պայմանով, որ կոլեգիայի որոշումներն այլևս ընդունվեն կոնսենսուսի սկզբունքով: Հայկական կողմը՝ որպես այս առաջարկի հիմնավորում ներկայացրել է Եվրոպական միությունում գործող համանման պրակտիկան: Ընդ որում, այս հարցի քննարկումը դեռ բավական երկար ճանապարհ ունի անցնելու։ Այն դեռ պետք է հաստատվի փոխվարչապետների, հետո արդեն կառավարության ղեկավարների հանդիպման ժամանակ և նոր միայն դրվի պետությունների ղեկավարների սեղանին։ Նշանակում է, որ Սարգսյանին քննադատում են մի նախաձեռնության համար, որի հետևում կանգնած է Հայաստանը, և որն ընդամենը խնդիր է դնում հավասար պայմաններ ապահովել բիզնեսի համար։