Մանկահասակ երեխայի սպանության գործով դատական նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

.

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում փետրվարի 5-ին շարունակվեց Գյումրիում 20-ամյա մոր կողմից մանկահասակ երեխայի սպանության գործով դատական նիստը, որը, սակայն, հետաձգվեց՝  հանրային պաշտպանի միջնորդությամբ: 

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանրային պաշտպան Ժորա Պետրոսյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին՝ նախագահությամբ Ջոն Հայրապետյանի, միջնորդեց դատը  մի քանի օրով հետաձգել՝ դատախազություն ներկայացված դատագենետիկական փորձաքննության  եզրակացությանը ամբաստանյալի հետ ավելի մանրամասն ծանոթանալու և պաշտպանական մարտավարություն ընտրելու նպատակով: Միջնորդությանը չառարկեցին դատախազն ու տուժողի իրավահաջորդը:  Դատարանը որոշեց հաջորդ դատական նիստը հրավիրել մարտի 3-ին:

Ըստ մեղադրական եզրակացության , Անի Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. օգոստոսի 30-ին,ժ.22:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինաբար մանկահասակ դստերը` 16.09.2018թ. ծնված Գ.Ալեքսանյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, իր փաստացի բնակության վայրի բնակարանում կպչուն ժապավենով կապել է վերջինիս ձեռքերը և ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, որից հետո նրան բնակարանից տեղափոխել և դրել է մոտակայքում` Շիրակացի փողոցում տեղակայված աղբարկղներից մեկի մեջ, ինչի հետևանքով երեխան մահացել է: 2019 թվականի օգոստոսի 31-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

2019 թվականի դեկտեմբերի 25-ին, կայացած  դռնբաց դատական նիստում  որոշվել էր մեղադրյալ Անի Աշոտի Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ։