ԱԺ արտահերթը չկայացավ․ նախաձեռնողն առավոտյան հետ է կանչել օրակարգում ընդգրկված նախագծերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Աժ Արտահերթ նիստը մեկնարկից մի քանի րոպե հետո ավարտվեց։ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նախաձեռնողն առավոտյան հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը։

«Ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառով է նախագծերը հետ են կանչվել։ Այսօր առավոտյան նախաձեռնողը նոր համանման, ըստ էության, ոչ բովանդակային փոփոխություններով օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, և ֆրակցիան՝ «Իմ քայլը» խմբակցությունը, միջնորդել է կրկին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ։ Ես այդ մասին ծանուցումը ստացել եմ։ Հարկ եմ համարում մի հատ էլ այստեղ ներկայացնել, խորհրդի անդամներին խնդրել՝ մնան ԱԺ-ում։

Մենք 1 ժամից կունենանք արտահերթ նիստ, քննարկելու ենք համանման միջնորդություն այսօր գումարել ԱԺ արտահերթ նիստ։ Համենայն դեպս, բոլորին խնդրում եմ մնալ ԱԺ շենքում»,-ասել է Արարատ Միրզոյանը։

Նշենք, որ օրակարգում ընդգրկված էր 2 հարց, սակայն, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն, նախաձեռնողը այսօր առավոտյան հետ էր կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստի օրակարգում հարց չի մնացել, ԱԺ խոսնակը նիստը համարեց փակված։