ՍԴ փոփոխությունների մասին հարցն օրակարգից հանվել է․ Վլադիմիր Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Վլադիմիր Վարդանյան

Եթե հիշողությունս չի դավաճանում, այս նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցը, որը վերաբերում էր ՍԴ մասին օրենքի փոփոխությանը, հեղինակն օրակարգից հանել է։ Նախագծում մնացել են սահմանադրական փոփոխությունները։ Անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստի հետաձգմանը՝ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Վարդանյանը հավելել է, որ ԱԺ պատգամավորների՝ բավարար թվով ձայներ հավաքելու դեպքում հետագայում պետք է առաջնորդվել Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով․

«Եթե օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվի, ապա այն պետք է անցնի այն բոլոր ընթացակարգերը, որոնք նախատեսված են ԱԺ կանոնակարգ օրենքով»։

Հարցին՝ եթե նախագիծը երկրորդ ընթերցմամբ տապալվի, ՍԴ եզրակացություն անհրաժե՞շտ է լինելու, Վլադիմիր Վարդանյանը պատասխանել է․

«Սահմանադրական անվտանգության տեսանկյունից իշխանության կրողը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը, և եթե այս գործընթացը գնա, իշխանության կրողը կարող է արտահայտել իր դիրքորոշումը»։