88 պատգամավորով ԱԺ-ում լուծվելիք հարցն ինչո՞ւ եք ուղարկում հանրաքվեի. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

քաղաքական

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց՝ ինչու նրանք Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնից հեռացնելու օրինագիծը չեն իրագործում ԱԺ-ում՝ 88 պատգամավորով, այլ ուղարկում են հանրաքվեի։

«ՀՀ միլիոնավոր քաղաքացիների ուղարկում եք ընտրատեղամասեր՝ դրանով երկիրը մտցնելով ընտրական պրոցեսների մեջ։ Ինչո՞ւ եք դուք սա անում», - հարցրեց Մարուքյանը։

Վահագն Հովակիմյանն ի պատասխան նկատեց, որ հանրությունը ՍԴ-ին չի վստահում։

«Ժողովուրդն իր իրավունքն իրացնում է ընտրությունների, հանրաքվեների միջոցով։ Քանի որ խնդիրը վերաբերում է հենց ՍԴ-ին, ՍԴ-ն չի կարող լինել ժողովրդի իրավունքի իրացման մարմինը։ ՍԴ-ն իր էությամբ զբաղված է բարեփոխումներին խանգարելով», - ասաց Հովակիմյանը։