Մերժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը խուզարկելու թույլտվություն տալու դեմ բողոքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

ռուբեն

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան խուզարկության վերաբերյալ դատարանի որոշման դեմ պաշտպանի բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանից։

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը և նրան պատկանող շինություններում։

Պաշտոնական աղբյուրի փոխանցմամբ՝ Ոստիկանության 6-րդ վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի, 179-րդ հոդվածի 3-րդ մասի, 325-րդ հոդվածի 2 մասի և 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ծանր հետևանք առաջացրած պաշտոնեական անփութության, առանձնապես խոշոր չափերով յուրացման, մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանք։ Նշված քրեական գործով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեում։

Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, թե իրեն բռնելու հրամանը տվել է անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Մասնավորապես՝ «Պրեսսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում նա ասել է, որ իր նախկին ընկեր, այժմ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ իր ընկերներից մեկի միջոցով խնդրել է իրեն փոխանցել, որպեսզի վերջինս լքի երկիրը: «Նույն Անդրանիկ Քոչարյանը, որ իմ նախկին ընկերն է եղել, մի 10 օր առաջ իմ ընկերների միջոցով խնդրել էր ինձ փոխանցել, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն: Դա անում են, որ ես գնամ, հետո շոու անեն, ասեն՝ ֆեդերացիան թալանել էր, փախավ: Ես այս երկիրն այնքան եմ սիրում, որ ոչ մի տեղ չունեմ գնալու: Ուզում են, թող ձերբակալեն»,- հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը:

Նկատենք, որ Ռ.Հայրապետյանը՝ չնայած նրա տանը կատարված խուզարկությանը, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված չէ։ Փոխարենը քննիչը որոշում էր կայացրել որպես մեղադրյալ ներգրավել Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա»-ի տնօրենին եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական հսկիչին ու միջնորդություն ներկայացրեց դատարան՝ պահանջելով նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը, սակայն դատարանը մերժեց միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։