Ոչ մի գործադիրի ղեկավարի թույլ չենք տա մատ թափ տալ պառլամենտի վրա. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

«Քանի մենք պառլամենտում ենք, ոչ մի գործադիր իշխանության ղեկավարի թույլ չենք տա մատ թափ տա պառլամենտի վրա»։ Այս մասին սահմանադրական փոփոխությունների հարցով ԱԺ արտահերթ նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։

«Վարչապետի ելույթն ուշադիր լսեցի, մի ամբողջական հատված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մեծ նամակից էր, որտեղ նկարագրում է՝ ինչպես է ձևավորվել Սահմանադրական դատարանը: Ինձ մոտ հարց առաջացավ՝ եթե դատավարոներ կան, որոնք նշանակված են Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից կամ հետո՝ այլ նախագահների կողմից, ուրեմն նրանք չպիտի՞ պաշտոնավարեն։ Սա, կարծում եմ, սխալ տրամաբանություն է, որովհետև այն մարմինները, որոնք ըստ Սահմանադրության անկախ են, պետք է ունենան տարբեր ժամկետներով պաշտոնավարող դատավորներ՝ տարբեր իշխանությունների կողմից նշանակված», - ասաց Մարուքյանը։

Ինձ անհանգստացնում և վտանգավոր է թվում ձեր այն մոտեցումը, որ, դուք ի սկզբանե այս ամբիոնից մեզ սպառնում եք, այն ուժերին, որոնք կարող են իրավական ճանապարհով վիճարկել այսօրվա որոշումները։

«Դուք ասում եք՝ «այն ուժերը, որոնք իրավական ճանապարհով կամ այլ կերպ այնպես կանեն, որ հանրաքվե չլինի, կհայտարարվեն հակապետական ուժեր»։ Երկրորդ՝ ասում եք՝ «այն ուժերը, որոնք կաջակցեն այս պրոցեսին կհամարվեն ազգի նվիրյալներ»։ Այսինքն դու՞ք եք որոշում՝ ովքեր են հակապետական ուժերը ու ովքեր են ազգի նվիրյալները, մենք էս ո՞ւր ենք գնում, պարո՛ն վարչապետ։ Սա՞ է ձեր երազած ժողովրդավարությունը»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով.

«Այսինքն՝ ձեր երազած ժողովրդավարությունը նա է, որ գործադիր իշխանության ղեկավարը կարող է հայտարարել ազգի թշնամիներին և ազգի բարեկամներին, սա ի՞նչ քաղաքականություն ա, պարո՛ն վարչապետ։ Սա ժողովրդավարությո՞ւն է կոչվում», -նշեց նա: