Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի դեսպանի հետ․ օրակարգում նաև Սևանի հիմնախնդիրներն էին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

էրիկ

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է նաև Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրյոմին: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Ողջունելով դեսպանին նախարար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում իրականացվող քաղաքականության շրջանակներում երկու երկրներն ունեն համագործակցության ընդլայնման մեծ հեռանկար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրողների ընդլայնված պատասխանատվության սկզբունքների վերաբերյալ ԵՄ դիրեկտիվների մոտարկման համար անհրաժեշտ միջոցառումների ճանապարհային քարտեզի մշակման հարցերը:

Հանդիպման օրակարգում էին նաև Սևանի հիմնախնդիրներն ու առցանց հոսքաչափական տվյալների ստացման միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման հարցերը: Տեղեկատվական համակարգի ներդրման արդյունքում կստեղծվի հարթակ, որը կնպաստի ջրային ռեսուրսների հաշվառմանը, փաստացի ջրածախսերի հսկողությանը և իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Դեսպան Թիդեստրյոմին շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ ընդգծելով, որ մեծ կարևորություն է տալիս երկու երկրների միջև փորձի փոխանակմանը:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև քիմիական նյութերի համահունչ կառավարման ոլորտում համագործակցությանը՝ այդ թվում աղտոտված հողերի կադաստրի ստեղծման ծրագրերի մշակմանը:

Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Ի․ Ղափլանյանը, դեսպանի խորհրդական և ժամանակավոր հավատարմատար Բիրգեր Կարլսոնը: