Դատախազությունը բողոքարկել է Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն գրավի դիմաց ազատելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Կարեն Խաչատրյան

Դատախազությունը բողոքարկել է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին, գրավով ազատ արձակելու դատարանի որոշումը:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Կարեն Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ: Դատարանը բավարարել էր Խաչատրյանին եւս երկու ամսով կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը՝ միաժամանակ բավարարելով պաշտպանական կողմի գրավի միջնորդությունը:

Նա ազատ էր արձակվել 20 միլիոն դրամ գրավի դիմաց:

Կարեն Խաչատրյանը կալանավորված է 2019 թվականի օգոստոսի 30-ից: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, որը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար:

Աղբյուրը՝ «Հայկական ժամանակ»։