Չկա կարևոր որևէ ոլորտ, որտեղ ՎԶԵԲ-ի հետ գործակցություն չի ծավալվել. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

mher

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Պիեր Հեյլբրոննի ղեկավարած պատվիրակությանը:

Մինչ այդ փոխվարչապետը ֆինանսների նախարարությունում մասնակցել է ՎԶԵԲ-ի հետ «Մեղրիի սահմանային անցակետի ծրագրի» համաձայնագրերի ստորագրման արարողությանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը գոհունակություն է հայտնել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի համագործակցության մակարդակի վերաբերյալ եւ կարեւորել մասնավոր հատվածում ՎԶԵԲ ակտիվությունը, ինչը սերմանում է Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթ: Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ չկա կարեւոր որեւէ մի ոլորտ, որտեղ ՎԶԵԲ-ի հետ համագործակցություն չի ծավալվել:

Փոխվարչապետը որպես առաջնահերթություն առանձնացրել է ՎԶԵԲ ծրագրերի կարեւորությունը հետեւյալ ուղղություններով՝ կապիտալի շուկայի զարգացում, էներգախնայողության եւ այլընտրանքային էներգիայի զարգացում եւ ՓՄՁ ոլորտի զարգացում:

ՎԶԵԲ փոխնախագահ Պիեր Հեյլբրոննը շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ ստեղծված կառուցողական համագործակցության համար եւ ուրախությամբ նշել, որ 2021 թվականին ՎԶԵԲ կառավարիչները խորհրդի նիստը անցկացվելու է հենց Երեւանում եւ նշել, որ ակնկալում է կառավարության աջակցությունը բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ միջոցառման բարձր մակարդակի կազմակերպման հարցում: Պիեր Հեյլբրոննը նշել է համատեղ իրականացվելիք ծրագրերի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ քայլերը եւ հույս հայտնել, որ մասնավորապես ենթակառուցվածքների զարգացման ոլորտում նախանշված ծրագրերը կնպաստեն Կառավարության բարեփոխումների իրականացմանը: