Կա վստահությունը, որ 650000 քաղաքացի «այո» կասի սահմանադրական փոփոխություններին.Հովակիմյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

ան

«Մտել ենք իրավական կարգավորումների փուլ: ՀՀ նախագահն Ազգային ժողովի նախագահից Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշումը ստանալուց հետո ունի եռօրյա ժամկետ ստորագրելու համար»,-այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, սահմանադրական փոփոխությունների նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը: 

«Նախ պետք է ԱԺ նախագահը ստորագրի և 7-օրյա ժամկետում ուղարկի հանրապետության նախագահին: Հանրապետության նախագահը ստանալուց հետո ունի եռօրյա ժամկետ հանրաքվե նշանակելու համար: Սա իրավական ընթացք է»,- ասել է Վահագն Հովակիմյանը, ապա ևս մեկ անգամ հիշեցրել, որ հանրաքվեն ՀՀ ժողովրդի իշխանության իրացման ուղղակի միջոցն է:

«Ըստ սահմանադրության՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Սահմանադրությունը ժողովուրդն է, ժողովուրդը Սահմանադրությունն է: Չի կարող ՀՀ օրենսդրության մեջ խնդիր լինել սահմանադրությամբ ամրագրված ժողովրդի իշխանության իրացման համար, որովհետև ամբողջ օրենսդրությունը կոչված է ապահովել Սահմանադրության կատարումը»,-ասել է Հովակիմյանը:

Հարցին՝ վստահություն կա՞, որ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 25 տոկոսը կմասնակցի հանրաքվեին, և 650 000 քաղաքացի «այո» կասի սահմանադրական փոփոխություններին, Հովակիմյանը պատասխանեց. «Իհարկե, վստահություն կա, դրա համար էլ մենք պատրաստ ենք, բայց ՀՀ քաղաքացին է իր քվեով կա՛մ հաստատելու մեր վստահությունը, կա՛մ, Աստված չանի, վատ սցենարով գնա»: