Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի և կընդլայնվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

մեղրի

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրվել են, ընդհանուր՝ 21 146 263 եվրո արժեքով   «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը:   Համաձայնագրերը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն:

Համաձայնագրերի ստորագրման արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՎԶԵԲ-ի քաղաքականության և գործընկերության հարցերով փոխնախագահ Պիեռ Հեյլբրոն, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը, ՎԶԵԲ-ի Կովկասի, Մոլդովայի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության հարցերով տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բջորլին Հանսենը, ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենի տեղակալ, փոխնախագահի խորհրդական Սևի Սիմավին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանոն և այլք:

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման ընդհանուր ծրագրի շրջանակներում կեսից ավելին կամ 10 520 000  և 700 000 եվրո գումարի չափով ֆինանսավորվելու է դրամաշնորհային միջոցներից, որը Հայաստանին կտրամադրի Եվրոպական միությունը Եվրոպական հարևանության գործիքի ներքո: