Ուտել աղի բլիթ, աղոթք անել, օրհնություն ստանալ․ փետրվարի 8-ը Սուրբ Սարգսի տոնն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

սուրբ

Սուրբ Սարգսի տոնը հայ առաքելական եկեղեցու շարժական տոներից է։ Այս տարի այն նշվում է փետրվարի 8-ին։ Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Սուրբ Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Եվ պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերել է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական ավանդույթներով: Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:

սուրբ

Այդ օրվա հիշատակելի սովորություններից է նաև փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը:

Ս. Սարգիս զորավարը նաև երիտասարդների արագահաս բարեխոսն է, նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Երիտասարդները դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Սուրբ Սարգսի պատմությունը

սուրբ

Սուրբ Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից Արիության համար կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա նաև հիանալի քարոզիչ էր: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է հեթանոսական մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը:

Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Սուրբ Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն մերժում է։

զորավար

«Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»,-ասում է Սուրբ Սարգիստ, ապա կործանում բագինը:

Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Ս. Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները:

օրհնություն