Ի՞նչ ունեցվածք ունի կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված Վահագն Վերմիշյանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Վերմիշյան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, որը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով, պաշտոնը ստանձնելու հայտարարագիր է ներկայացրել 2019 թվականի մայիսի 14-ին: Այդ մասին 24News-ը տեղեկանում է Պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած տվյալներից։

Վերմիշյանը հայտարարագրել է․

1) 4 անհատական բնակելի տուն,

2) բնակարան՝ բազմաբնակարան շենքում,

3) այգետնակ (ամառանոց),

4) VOLVO XC 90 T6 մակնիշի մարդատար ավոտմեքենա,

5) JAGUAR XJ8 մակնիշի մարդատար ավոտմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 12 միլիոն դրամ, 18 հազար եվրո և 250 հազար դոլար:

Նշենք, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալվել է փետրվարի 5-ին:

ԱԱԾ հայտարարության մեջ նշվում է, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար՝ դրա դիմաց որպես կաշառք ստանալով  2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։

ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության դեպքերի փաստով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, նրանցից երեքը, այդ թվում՝ հիշյալ կոմիտեի նախագահը, ձերբակալվել են։

Կաշառք ստացած պաշտոնյան որպես կասկածյալ հարցաքննվելիս խոստովանել է հանցագործությունը: Նախաքննությունը շարունակվում է։