Չթշնամացնե՛ք մարդկանց իրար նկատմամբ, չվերածե՛ք հանրաքվեն ատելության զորահանդեսի․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

աշոտյան

«Չեմ կարող ցավով չարձանագրել, որ սկսել են նշմարվել վիրավորանքի, ատելության, անհանդուրժողականության այն ցավալի տենդենցները, որոնք առ այսօր քայքայում են ու հյուծում Հայաստանը»: Սպասվող հանրաքվեի մասին ֆեյսբուքյան գրառմամբ հանդես է եկել Արմեն Աշոտյանը։

Նախագահի թեկնածուներից շատերին անձամբ եմ ճանաչում, շատերի հետ հաց եմ կիսել, բաժակ բարձրացրել, աշխատել ու շփվել: Անկախ մեր տարաձայնություններից՝ հարգում եմ շատերին իրենց անցած ճանապարհի համար: Ու այսօր, օգտվելով այդ մարդկային կապիտալից, մի պարզ, բայց անչափ կարևոր խնդրանք-հորդոր-կոչ-պահանջ ունեմ ձեզ:

Տղերք, հարգելիներս, խնդրում եմ ձեզ չվերածել քարոզարշավը ստի, ատելության և թշնամանքի զորահանդեսի: Այն խայտառակ բարոյահոգեբանական մթնոլորտը, որն, ավաղ, դեռ պահպանվում է մեզ մոտ, մի ներմուծեք Արցախ:

Մի բուռ ժողովորդ եք, բզիկ-բզիկ լինելու իրավունք չունեք, իրար ուտելու իրավունք չունեք, Ձեզ թուրքը բաժանել չի կարողացել, Երևանում այսօր գահակալածներն ո՞վ են, որ դա կարողանան անել: Ղարաբաղցիները միշտ են “սպայկա” եղել, ամենուրեք միասին են դիմակայել դժվարություններն, իրար քյոմագ արել ու հաղթահարել պատնեշները:

Դուք պարսկական շահեր, կարա- և ակ կոյունլու, ադրբեջանական պարտկոմներ եք տեսել: Մի թողեք ձեզ թշնամացնեն, մի թշնամացրեք մարդկանց իրար նկատմամբ: Մի խաղացեք այն կեղտոտ խաղը, որ ձեզ թելադրվում է: Մի այրեք Արցախը որպես հայկական հպարտության և միասնակության ունիկալ ֆենոմեն կամրջող կապերը, նախևառաջ՝ իրար հետ:

Ոչ մի աթոռ, ոչ մի պաշտոն, որ մի լծակ չի արդարացնելու այն փլատակները, որոնք անխուսափելիորեն կառաջանան, եթե նախընտրական արշավը վերածվի բարոյականությունը, սրբությունները ու ընկերությունն ավիրող թայֆունի:

Երդվում եմ ձեզ հետ կիսած հացով. Արցախի ընտրություններն ինձ շատ ավելի են մտահոգում, քան իմ քաղաքական կարիերան, Սահմանադրական դատարանը, Վենետիկի հանձնաժողովը և ՀՔԾ-ԱԱԾ հերթական անգամ հրավիրվելը միասին վերցրած:

Ընտրությունների հաջորդ օրն Արցախը պետք է էլ ավելի ամուր և ուժեղ արթնանա: Սա է ձեր ու մեր, բոլորիս իրական մարտահրավերը: