Արցախում ուժեր կան, որ հայտարարում են դրսի ուժերի աջակցությունը վայելելու մասին․ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Դավիթ

«Արցախում բավական ակտիվ նախընտրական իրավիճակ է։ Քաղաքական ուժերից ամեն մեկն ունի իր ռազմավարությունը, մարտավարությունն ու իրազեկման աշխատանքներ է իրականցնում հանրության շրջանում։ Կամաց-կամաց ակտիվ փուլ ենք մտնում»,- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը։

24News-ի դիտարկմանը, որ քարոզարշավը թեև դեռևս պաշտոնապես չի մեկնարկել, բայց քաղաքական ուժերն արդեն իսկ սկսել են իրենց ներկայացնելու ու հանրությանը մատուցելու գործընթացը, Բաբայանը դրական արձագանքեց։

«Այո՛, կա նման բան, բայց դա ունի իր օբյեկտիվ պատճառները։ 2017-ի սահամանդրական փոփոխություններից հետո մենք անցել ենք ամբողջովին համամասնական ընտրակարգի։ Մեծամասնական ընտրակարգը, որ կուսակցական պատկանելիություն չունեցող մարդկանց հնարավորություն էր տալիս այս կամ այն կուսակցությունից առաջադրվելու, այժմ չի գործում։ Ու մարդիկ, որ չեն ցանկացել արդեն իսկ գործող կուսակցության ցուցակում ներառվել, նոր կուսակցություն են հիմնել։ Այժմ էլ ներկայանալու խնդիր ունեն ու օր առաջ փորձում են անել հնարավորը, որ հանրությունը ճանաչի իրենց։ Այս պահին գրանցված 27 կամ 28 կուսակցություն կա, բայց, կարծում եմ, ընտրություններից հետո նրանց մի մասը կա՛մ կվերանա, կա՛մ կփակվի, կա՛մ կձուլվի այլ ուժերի հետ»,-ասաց Բաբայանը։

Խոսելով Արցախում գործող ընտրակարգից՝ Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության ղեկավարն ընդգծեց՝ ո՛չ ռեյտինգայինը, ո՛չ այս պահին գործող համամասնական ընտրակարգն Արցախի համար չեն։ Ըստ նրա՝ Արցախը համամասնական ընտրակարգին անցնելուն պատրաստ չէր։

«Մեծամասնականը մեզ համար շատ ավելի հարմար է։ Օրինակով բացատրեմ․ եթե նախկինում գործող Ընտրական օրենսգրքի պարագայում անհրաժեշտ էր ընդհանուր ընտրողների 25 տոկոսի մասնակցությունը, ապա այժմ այդ դրույթը պարտադիր չէ։ Այսինքն՝ ընտրությունները համարվում են կայացած՝ անկախ ընտրողների մասնակցության թվից։ Փոքր համայնքներում, որտեղ ընդամենը մեկ թեկնածու էր առաջադրվում, բայց մարդիկ չէին ցանկանում այդ թեկնածուին ընտրել, ապա կարող էին պասիվ բոյկոտի միջոցով՝ առանց կռիվ-ղալմաղալի, ընտրություններին ուղղակի չմասնակցել, ու հարցը լուծվում էր, այն է՝ ընտրությունը համարվում էր չկայացած։ Ներկայում գործող կարգով այդպես չէ։ Անկախ ընտրողների մասնակցության տոկոսից՝ ընտրությունը համարվում է կայացած, ու առաջադրված միակ թեկնածուն, նույնիսկ չնչին ձայներով, կարողանում է ընտրվել»,- բացատրեց նախագահի թեկնածուն։

Հարցին՝ այս պահի դրությամբ քաղաքական ուժերն առո՞ղջ մրցակցություն են ծավալում, Դավիթ Բաբայանը դրական պատասխան տվեց․ «Բայց դեռ կտեսնենք՝ ինչպես կլինի։ Ամեն  ինչ կախված է լինելու, թե ինչպես են ընթանալու ընտրությունները»։

ԱՀ նախագահի թեկնածուն նաև հիշեցրեց, որ Արցախում ընտրությունները միշտ նորմալ են անցել, հետևաբար չի ցանկանա, որ այս անգամ խնդիրներ լինեն, որովհետև եթե ինչ-որ հարց լինի, ապա այն հարված է լինելու Արցախի պետականությանը։

Ինչ վերաբերում է հայաստանյան իշխանությունների՝ այս կամ այն ուժին աջակցելուն, ապա մեր զրուցակիցը նախ նշեց, որ աջակցությունը տարբեր ձևով կարող է արտահայտվել՝ բարոյական, գաղափարական, ապա հստակեցրեց՝ չի կարծում, թե Հայաստանի իշխանություններն էական միջամտություն կամ ազդեցություն են ունենալու։

«Միշտ պետք է պահպանել Արցախի սուբյեկտայինության ու ինքնուրույնության նուրբ գիծը։ Անկախ հանգամանքից՝ հայաստանյան իշխանություներն ազդեցություն կունենա՞ն, թե՞՝ ոչ, դա վճռորոշ լինել չի կարող, որովհետև քաղաքական տարբեր ուժերից ամեն մեկն իր մարտավարությունն ունի։ Այլ բան է, որ կան շահագրգռվածության ու հետաքրքրության շրջանակներ, օրինակ, մեկը օգնություն է բաժանում, մեկը՝ խոստումներ տալիս, մեկը գաղափարներով է շահում ընտրողների սիրտը և այլն։ Արցախում ով էլ գա իշխանության, ինչ ուժ էլ ստանձնի կառավարումը, պարտավոր է եղբայարական հարաբերություններ ունենալ Մայր Հայաստանի հետ: Դա քմահաճույքի հարց չէ։ Հայկական երկու երկրների ղեկավարները, հնարավոր է, ընկերներ չլինեն, տարբեր կարծիքներ ունենան ինչ-ինչ հարցերի շուրջ, բայց հանուն պետականության պետք է նորմալ հարաբերություններ պահպանեն։ Իսկ երբ ինչ-որ մեկը հույսը դնում է արտաքին ուժերի վրա, հատկապես միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերի պարագայում, չեմ կարծում, թե դա ընդունելի է»,- ընդգծտեց Դավիթ Բաբայանը։

24News-ի ճշտող հարցին ի պատասխան, թե դրսի ուժերի աջակցությունը վայելող ուժե՞ր կան, նա նշեց՝ կան որոշ ուժեր, որ հայտարարում են այդ մասին, որոշ ուժեր էլ այլ ձևով են մեկնաբանում։

«Ես չեմ ուզում մեկնաբանել տարբեր ուժերի ռազմավարությունը կամ մարտավարությունը, բայց դրա մասին մենք, երևի, կխոսենք ընտրություններից հետո կամ դրա ընթացքում։ Եթե այս կամ այն ուժը հայտարարի, որ վայելում է հայաստանյան իշխանությունների կամ այլ ուժերի աջակցությունը, ապա, չեմ կարծում, թե դա ցանկալի արդյունք է տալու, որովհետև ժողովուրդն ի վերջո տեսնում է, որ այդ ուժը սեփական գաղափարախոսություն չունի ու հույսն անընդհատ ուրիշի վրա է դնում, հետրաբար՝ ինչպե՞ս պետք է մի ամբողջ պետություն ղեկավարի»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը։

Վրույր Սևակ