Միջազգային ճանաչման գործընթացին լծվել են նաև ՀՀ ներկայիս իշխանությունները. Վ. Բալասանյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

վիտալի բալասանյան

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին՝ ժնևյան հանդիպման առնչությամբ Արցախի առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանի արտահայտած դրույթների վերաբերյալ ս.թ. փետրվարի 7-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի արձագանքին ի պատասխան Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Արցախի Հանրապետության Նախագահն իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով Արցախի Հանրապետության կառավարման՝ իրեն վերապահված գործառույթները: Արցախի Հանրապետության Նախագահը, ստանձնելով պաշտոնը, օրենքով սահ­ման­ված կարգով` Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը հրա­վիր­ված հատուկ նիստում, ժողովրդին տալիս է հետևյալ երդումը. «Ստանձ­նելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվե­րա­պահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հան­րա­պետու­թյան ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբող­ջականու­թյունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապե­տու­թյան և ի բարօրու­թյուն Արցախի ժողովրդի»:

Այն հանգամանքը, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնը նույնացնում է «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ» եզրույթի հետ, կրկին անգամ հաստատում է, որ Վիտալի Բալասանյանի կողմից տրված գնահատականը համապատասխանում է իրականությանը. այն է՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնևում կայացած հանդիպման ժամանակ «քննարկվել են Քաշաթաղի (Լաչինի) շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու» և «այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու» հարցը:

Ադրբեջանի ղեկավարությունը տարիներ շարունակ փորձել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բանակցային ձևաչափում ներառել Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցչին:

Արցախի ժողովրդի և իր ընտրյալ իշխանությունների նկատմամբ բացահայտ դավաճանություն կարելի է որակել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցչի՝ միջազգային ճանաչման  գործընթացին, փաստորեն, լծվել են նաև ՀՀ ներկայիս իշխանությունները՝ ի դեմս ՀՀ արտգործնախարարի, ով Ժնևում կայացած բանակցությունների ժամանակ Արցախի իշխանություններին և Արցախի Նախագահին ներկայացնում է որպես Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ՝ սրանով իսկ փորձելով նույն հարթության վրա դնել Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցչին և Արցախի Նախագահին:

Անընդունելի և դատապարտելի է սույն իրողությունը, որը, մեր համոզմամբ, հետապնդում է մեկ նպատակ. ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների բանակցություններում լեգիտիմացնել նաև Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը»: