Վահագն Վերմիշյանը կաշառքի գործով կալանավորվեց, Ջոն Ֆարխոյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

վերմիշյան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է: Այս մասին 24News-ին տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ նշելով․ «Դատարանը բավարարել է ԱԱԾ-ի միջնորդությունը՝ Վահագն Վերմիշյանի խափանման միջոցը կալանավորմամբ փոխելու համար»։

ԱԱԾ մամուլի կենտրոնից 24News-ին նաև տեղեկացրին, որ գործի շրջանակում դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանին կալանավորելու միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառելիությունը: ԱԱԾ-ից, սակայն չասեցին, թե ինչ հոդվածով է Ֆարխոյանին մեղադրանք առաջադրվել, ինչպես նաև այն, թե ինչ չափի գրավ է կիրառվել։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ի վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցներն օպերատիվ գործողություններ էին իրականացրել Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, ապա` նրա հետ միասին հեռացել շենքից: ԱԱԾ-ն հայտարարել էր, որ Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար, և խոստովանել ենթադրյալ հանցագործությունը։

ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում էր, որ, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով Վերմիշյանը 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2,5 միլիոն ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք էր ստացել և դրա դիմաց 2019 թ. ընթացքում կաշառքը փոխանցողների օգտին կատարել էր գործողություններ կամ նպաստել էր ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: