Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանի վրա թուրք երգչուհին մուղամ է երգել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

 

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու խորանի վրա կանգնած՝ թուրք երգչուհի Ասլը Հյունելը երգում է թուրքական էստրադային մի երգ։ Ներկաները խորանից ներքև կանգնած ձայնակցում և ծափահարում են նրան։ Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Ծափահարողների և ձայնակցողների մեջ էր նաև Թուրքիայի տուրիզմի նախարար, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մեհմեթ Էրսոյի կինը՝ Փերվին Էրսոյը։

Աղբյուրը նշում է, որ նախարարի կնոջ՝ Փերվին Էրսոյի «այդ տգեղ արարքը», որը թերևս կարող է դիտվել որպես մշակութային վանդալիզմի դրսևորում, կոշտ արձագանքի է արժանացել որոշ ընդդիմադիր գործիչների կողմից։

«Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ, նախկին պատգամավոր Բարըշ Յարքադաշը տուրիզմի նախարարի կնոջ պահվածքը դատապարտել է ոչ թե հայկական եկեղեցու նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի, այլ այն բանի համար, որ նա զվարճանում է այն ժամանակ, երբ արդեն հաղորդվել էր Վանում ձնահյուսի հետևանքով բազմաթիվ զոհերի մասին։

Աղբյուրը նաև նշում է, որ Փերվին Էրսոյը ոչ միայն ներողություն չի խնդրել կամ ափսոսանք չի հայտնել իր կատարած արարաքի համար, այլև հայտարարել է, որ  ընդամենը ցանկացել է ստուգել եկեղեցու ակուստիկան: