Սահմանադրական փոփոխությունների բոլոր հարցերը պարտադիր չէ ուղարկել Վենետիկի հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News  

Վլադիմիր Վարդանյան

ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիր ապրիլի 5-ը նշանակել հանրաքվեի օր։  Դրանից հետո ԿԸՀ-ն պետք է կազմի ժամանակացույց և ըստ դրա պետք է ընթանան այն բոլոր գործընթացները, որոնք անհրաժեշտ են: Այս մասին փետրվարի 10-ին ԱԺ-ում լրագրողներին ասել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Ըստ Վարդանյանի՝ «այո»-ի և «ոչ»-ի շտաբներ է պետք ձևավորել և համապատասխան ժամկետներում քարոզարշավ սկսել․

«Քարոզարշավի շրջանակներում պետք է բաշխվեն տրամադրվող եթերների ժամանակները: Պետք է հստակեցվեն բոլոր այն նյուանսները, որոնք կապված են հանձնաժողովների ձեւավորման հետ»։

Անդրադառնալով Սահմանադրության մեջ փոփոխությունների նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելուն՝ Վարդանյանն ասել է, թե հարցը լրացուցիչ քննարկման կարիք ունի։

«Դուք գիտեք մեր մոտեցումը, մենք Վենետիկի հանձնաժողովի հետ շատ ակտիվ շարունակելու ենք աշխատել: Ընդամենը օրեր առաջ որոշվեց, որ «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը պետք է ներկայացվի Վենետիկի հանձնաժողովի դատին: Վենետիկի հանձնաժողովի ղեկավարությանը հանդիպել եմ նախանցած շաբաթ Ստարսբուրգում: Քննարկել ենք ձևավորված սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմը, մոտակա աշխատանքները, նաև Վենետիկի հանձնաժողովի հետ այս հարցում ակնկալել ենք շարունակական աշխատանք: Բայց քանի որ կոնկրետ այս նախագիծը վերաբերում է այնպիսի փոփոխության, որի պարագայում Վենետիկի հանձնաժողովի ասելիքը շատ քիչ է, ապա այս հարցի վերաբերյալ վերջնական պատասխան չասեմ: Ես հիմա չեմ բացառում, չեմ էլ հաստատում, որ նախագիծը կուղարկիվի միջազգային փորձաքննության»,- ասել է Վարդանյանը։

Վարդանյանի պնդմամբ՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կան հարցեր, որոնք պարտադիր չէ ուղարկել Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը։