Փետրվարի 3-9-ը գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 104 դեպք․ ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

ԱԻՆխորհրդակցություն

Փետրվարի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում կատարած աշխատանքների, առաջացած հարցերի, ինչպես նաև ՀՀ մարզերում ճանապարհների անցանելիության վերաբերյալ:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը զեկուցեց, որ եղանակային պայմանների հետ կապված՝ փետրվարի 3-ից 9-ը գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 104 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 522 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 213 տրանսպորտային միջոց:

Փրկարար ծառայության տնօրենը հայտնեց, որ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի կողմից արդեն ստորագրվել է անտառային հրդեհների համատեղ հրդեհաշիջման պլանը, որը համատեղ մշակվել է արտակարգ իրավիճակների և շրջակա միջավայրի նախարարությունների կողմից: Հրամանը ԱԻ նախարարի կողմից նույնպես ստորագրված է և մտնում է ուժի մեջ:

Վ. Գաբրիելյանը հանձնարարեց կազմել և ներկայացնել ԱԻՆ կոլեգիայի նիստի ընթացքում ԱԻ նախարարի կողմից հնչած հանձնարարականների, ինչպես նաև այլ զեկույցների հիման վրա մշակված պլան-ժամանակացույց՝ առաջ քաշված խնդիրներն ու թերությունները վերացնելու և արված առաջարկությունները կյանքի կոչելու նպատակով:

Ծառայության տնօրենը շեշտեց, որ յուրաքանչյուր հրդեհի դեպքից հետո պետք է կատարել հրդեհաշիջման աշխատանքների վերլուծություն: Իսկ հասարակական հնչեղություն ունեցող հրդեհների դեպքերի ժամանակ հրդեհաշիջման աշխատանքների վերլուծությունները տարածքային ստորաբաժանումները պետք է ներկայացնեն կենտրոնական ապարատ:

Անդրադարձ կատարվեց կարգապահական խնդիրներին, համազգեստի կրման կանոններին: Բոլոր ստորաբաժանման ղեկավարները պետք է հետևողական լինեն, որպեսզի փրկարար ծառայողները հասարակական վայրերում ևս խստորեն պահպանեն համազգեստի կրման կանոնները:

Մարզային փրկարարական վարչություններին հանձնարարվեց 24 ժամվա կտրվածքով ամփոփել և ՃԿԱԿ ներկայացնել դեպքերի և պատահարների, դրանց հետևանքով պատճառված վնասի և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն: Այդ տեղեկատվությունը կամփոփվի ՃԿԱԿ-ի կողմից և կտեղադրվի նախարարության պաշտոնական կայքէջում:

Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Առնոլդ Հարությունյանին հանձնարարվեց մեկ շաբաթվա ընթացքում կանոնակարգել կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձևավորված Երևան քաղաքի փրկարարական վարչության, նրա բաժինների և հրշեջ-փրկարարական ջոկատների գործառույթները:

Անդրադառնալով պարգևավճարներին՝ ծառայության տնօրենը նշեց, որ մշակվում են աշխատակիցների աշխատանքի գնահատման անցումային չափորոշիչներ՝ պարգևավճարների բաշխման համար:

Վ. Գաբրիելյանն ընդգծեց, որ դեռևս շարունակվում են տարածքային ստորաբաժանումների կողմից թափուր հաստիքների համար ներկայացվել մարդիկ, ովքեր չեն համապատասխանում ներկայացված պահանջներին: Մարզային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց ուսուցողական աշխատանքներ տանել և բարձրացնել իրենց աշխատակիցների մրցունակությունը: